Փետրվարի 9-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կազմակերպվել էր Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին նվիրված քննարկում:
ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Իսլամական հեղափոխությունը չափազանց կարեւոր քաղաքական եւ մշակութային երեւույթ էր, որը լայն ազդեցություն թողեց Իրանի ներքին, արտաքին, մշակութային, գիտատեխնիկական կյանքի վրա:
«Այս իմաստով, թերեւս, Իսլամական հեղափոխությունը Իրանի վերջին տասնամյակների եւ մի քանի հարյուրամյակի մեջ ամենանշանակալի երեւույթն էր, խոշոր իրադարձություն, որը անդրադարձավ նաեւ հայ-իրանական հարաբերությունների վրա»,-ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչը:
Նրա ձեւակերպմամբ. «Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հարավային հարեւանն է, հետեւաբար այս երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց հետաքրքիր է Հայաստանի համար, եթե չասենք, որ ուղղակիորեն առնչվում է մեր կենսական շահերին»:
Ներկայիս Իրանի մասին խոսելիս, պարոն Ոսկանյանը շեշտեց իրանական ազդեցությունը ողջ տարածաշրջանում, Իրանի մշակութային եւ քաղաքակրթական դերակատարությունը ողջ Մերձավոր Արեւելքում եւ համայն աշխարհում:
Իրանագետի խոսքերով, լինելով հզորագույն պետություն, Իրանի օրակարգում բոլոր առումներով մշտապես առաջնայինը հանդուրժողականությունն է, երեւույթ, որի մասին շատ է խոսվում տարբեր կենտրոններում, բայց որն, ըստ էության, իրականում դրսեւորվում է ԻԻՀ-ում:
Մանրամասները՝ տեսանյութում
Վարդան Ոսկանյանը անդրադարձավ նաեւ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակին. «Հայաստանը եւ Իրանը հազարամյակներ շարունակ հարեւանություն են անում միմյանց հետ, մենք անցել ենք պատմական բազմաթիվ ելեւէջումներով, բարեկամության, եղբայրության փուլով…ԻԻՀ-ն այսօր հստակ համակարգված ձեւով հարաբերություններ է կառուցում նորանկախ Հայաստանի հետ» Նա նաեւ նշեց, որ ԻԻՀ ճանաչողությունն առանց իսլամական հեղափոխության ճանաչողության անհնարին է:
Մանրամասները՝ տեսանյութում
Արեւելագետն ասաց, որ Բիհիսթունյան արձանագրության մեջ վկայակոչված ժողովուրդներից միայն հայերն են, որ առայսօր բարեկամություն են անում Իրանի հետ:
Պարոն Ոսկանյանը խոսեց նաեւ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի մասին, այն որակեց լուրջ գիտական կենտրոն ողջ ԱՊՀ տարածքում, որին վերապահված է մշակութային դեսպանի առաքելություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ