Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սաֆարյանին ու Սեֆիլյանին դատարանը հնարավորություն տվեց լսել մեղադրական ճառը

Փետրվար 09,2018 12:10

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր դատարանը ցանկանում էր անցնել մեղադրական ճառի հրապարակմանը, երբ Սեֆիլյանի շահերի պաշտպաններից փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանը սանկցիայի է ենթարկված եւ հեռացված նիստերի դահլիճից, իսկ նրա պաշտպանը ներկա չէ, ուստի պետք է հետաձգել նիստը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հետաձգելու հիմքեր չտեսավ, քանի որ Սաֆարյանի հանրային պաշտպանն էր ներկա: Ապա Հայրապետյանը միջնորդեց Սաֆարյանին վերադարձնել նիստերի դահլիճ, սակայն Տաթեւիկ Գրիգորյանը չքննեց միջնորդությունը, քանի որ Հայրապետյանը Սաֆարյանի պաշտպանը չէ:

Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց՝ քանի որ դատավորը Սաֆարյանին չի վերադարձնում նիստերի դահլիճ, ինքը լքում է նիստը: «Որ խոսում եմ՝ լսեք, դուք դատավոր չեք»,-ասաց նա դատավորին: Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց Ժիրայր Սեֆիլյանին սանկցիայի ենթարկել եւ իր կարգադրությունը չկատարելու համար հեռացնել նրան նիստերի դահլիճից՝ 10 ժամով:

Ապա Գեւորգ Սաֆարյանի հանրային պաշտպան Աննա Ջուվանովան ներկայացրեց նույն միջնորդությունը, ինչը դատարանի կողմից արդեն բավարարվեց, եւ Սաֆարյանն ու Սեֆիլյանը վերադարձվեցին նիստերի դահլիճ, որպեսզի լսեն մեղադրական ճառի հրապարակումը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ընդգծեց՝ նրանց հանդեպ սանկցիան իրավաչափ է եղել, սակայն դատարանը նրանց եւս մեկ հնարավորություն է տալիս ներկա գտնվելու նիստին:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728