ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին կայացած ասուլիսում ամփոփեց 2017-ին արվածը եւ խոսեց 2018-ի առաջնահերթությունների մասին:
Գլխավոր դատախազը նշեց, որ 2017թ ՀՀ տարածքում 20285 հանցագործություն է արձանագրվել, ինչը 1921-ով կամ 8,1 տոկոսով ավելի է 2016 թ ընթացքում կատարված հանցագործություններից:
Նրա ձեւակերպմամբ, այս պատկերը պայմանավորված է հանցագործությունների հաշվառման եւ բացահայտման արդյունավետությամբ:
Արթուր Դավթյանի խոսքով, ոչ մեծ ծանրության հանցագործությունները աճել են 1600-ով, իսկ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են: Ընդ որում, ծանր հանցագործությունները նվազել են 11,4 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործությունները` 16,7 տոկոսով:
«Աճել են այն հատկապես այն հանցագործությունները, որոնք աչքի են ընկել լատենտայնության բարձր մակարդակով, մասնավորապես է էական աճ ունենք կոռուպցիոն հանցագործություններով, թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում արձանագրված հանցագործություններով, ճանապարհատրանսպորտային պատահարների կամ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների արդյունքում կատարված հանցագործությունների գծով»,-հայտնեց ՀՀ գլխավոր դատախազը` փաստելով, որ հենց այս հանցատեսակների հաշվին է աճ արձանագրվել:
Նա նաեւ շեշտեց, որ տարիներ շարունակ հանցագործությունների հաշվառման համար պատասխանատու պետական մարմիններում չեն հաշվառվել հանցագործություններ կամ երբեմն թաքցվել են:
«ՀՔԾ վարույթում քննված բազմաթիվ գործերով քրեական հետապնդումներ են իրականացվել, դատի են տրվել ոստիկանության աշխատակիցներ, որոնք հատկապես այս հանցագործությունների դեպքերի թաքցնելու գործառույթներ կամ գործողություններ են իրականացրել»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ