Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարության դրամաշնորհները 2018 թվականին

Փետրվար 09,2018 11:58

2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը նախատեսում է օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստանալ ընդհանուր առմամբ 35,8 միլիարդ դրամի (74 միլիոն դոլարի) դրամաշնորհներ: Այս ցուցանիշը 4,8 միլիարդ դոլարով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը՝ կազմելով պետական բյուջեի եկամուտների 3 տոկոսը:

Ստորև՝ գծապատկերում ներկայացված է վերջին տարիներին պետական դրամաշնորհների ծավալների փոփոխության դինամիկան: Ինչպես երևում է գծապատկերում, օտարերկրյա դրամաշնորհների ծավալը, ընդհանուր առմամբ, սկսած 2013 թվականից արձանագրել է աճի հետևողական միտում, որի գագաթնակետը հենց 2018 թվականն է:

Ինչպես 2016 և 2017 թվականներին, 2018-ին ևս Հայաստանի ամենամեծ դոնորները շարունակում են մնալ Եվրամիության կազմակերպությունները: Ընդ որում, ԵՄ կազմակերպությունները միակն են, որոնք Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում տրամադրում են բյուջեի աջակցման ընդհանուր բնույթի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք հասնում են 6.5 միլիարդ դրամի: Այս ֆինանսական օգնությունը ոչ մի կերպ կապված չէ համատեղ ծրագրերի իրականացման հետ և տրվում է որպես Հայաստանում ժողովրդավարության խթանիչ: Հարկ է, սակայն, նշել, որ այս ցուցանիշը, համեմատած 2017 թվականի 9.2 մլրդ. դրամի հետ, նվազել է 2.7 մլրդ. դրամով, ինչը լիովին կարող է պայմանավորված լինել Հայաստանում ժողովրդավարության ցուցիչների անկմամբ:

2018 թվականին նախատեսվում է ստանալ շուրջ 29,3 մլրդ. դրամի նպատակային դրամաշնորհներ: Ֆինանսական աջակցության այս խումբը ներառում է պաշտոնական, այսպես ասած, կապակցված դրամաշնորհները: Այստեղ ևս Եվրամիությունը հանդիսանում է խոշորագույն դոնոր, որը պատրաստվում է իր աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակում տրամադրել շուրջ 20 մլրդ. դրամ: Այս աջակցությունը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները 11,3 մլրդ. դրամով:

Ստորև ներկայացված են 2018 թվականին համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսված դրամաշնորհների առավել խոշոր փաթեթները (սրանցում ներառված չեն գերատեսչական ծրագրերի դրամաշնորհները, ինչպես նաև գերատեսչություններին տրամադրվող օտարերկրյա գույքն ու այլ աջակցությունը):

Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, Հայկական ատոմակայանի օգտագործման ժամկետները երկարացնելու համար նախատեսվում է ստանալ 6,3 մլրդ. դրամ: Այսպիսով, 2017 թվականի համեմատ, Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը կմեծանա 4,7 մլրդ. դրամով:

ԵՄ հարևանության Ներդրումային ծրագրի աջակցության շրջանակներում երևանյան մետրոպոլիտենի վերակառուցման դրամաշնորհային երկրորդ ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,58 մլրդ. դրամ: Նույն ծրագրի աջակցության շրջանակներում Երևանի ջրամատակարարման բարելավման դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,43 մլրդ. դրամ:

ԵՄ օժանդակությամբ իրականացվող Հայաստանի տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրի նպատակով նախատեսվում է ստանալ 2,126 մլրդ. դրամ:

ԵՄ հարևանության ծրագրի ներդրումային օրգանի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրի նպատակով նախատեսվում է ստանալ 683 մլն. դրամ:

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային նախագծի նպատակով նախատեսվում է ստանալ 1.561 մլրդ. դրամ: Նույն բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային նախագծի նպատակով նախատեսվում է ստանալ 1.561 մլրդ. դրամ:

Արևելյան Եվրոպայի էներգախնայող ու բնապահպանական համագործակցության աջակցությամբ «Երևանի քաղաքային լուսավորում» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,050 մլրդ. դրամ:

Գերմանական զարգացման վարկերի բանկի (KFW) աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Կովկասի արգելավայրերի աջակցության դրամաշնորհային ծրագրի» 3-րդ փուլի իրականացման համար նախատեսվում է ստանալ 1,44 մլրդ դրամ: Եվս 2,8 մլրդ. դրամի դրամաշնորհային միջոցներ KFW տրամադրելու է Հայաստանին ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգման ծրագրերի համար, որոնք իրականցվում են ԵՄ հարևանության ներդրումային օրգանի հետ համատեղ: Այդպիսով, 2017 թվականի համեմատությամբ Հայաստանին գերմանական KFW-ի դրամաշնորհային աջակցությունը կմեծանա 2,24 մլրդ դրամով:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստանալ 764 մլն դրամ:

574 մլն. դրամ Հայաստանը կստանա ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Համաշխարհային հիմնադրամի (The Global Fund) աջակցությամբ իրականացվող «Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստանալ 1.64 մլրդ դրամ: Եվս 800 միլիոն դրամ Համաշխարհային հիմնադրամը կտրամադրի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի» իրականացման համար:

Նշենք, որ բազմաթիվ օտարերկրյա դոնորներ (ԱՄՆ, ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) ներառված չեն այս ցուցակում, քանի որ նախընտրում են չփոխանցել դրամական միջոցները Հայաստանի պետական մարմիններին (հնարավոր է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար), այլ միանգամից տրամադրել անհրաժեշտ գույքը կամ անմիջապես ցուցաբերել այլ աջակցություն (օրինակ կրթական ծրագրերի ոլորտում):

 

 Դավիթ Ստեփանյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728