Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը». Արա Բաբլոյան

Փետրվար 09,2018 11:52

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեցին երեկ քննարկված օրենքները:

Մինչ քվեարկությունները «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ իր ելույթում ասել է, որ Սերժ Սարգսյանը հավակնում է վարչապետ դառնալ ու ՀՀԿ-ականներից որեւէ մեկը չհերքեց, ուստի պետք է արձանագրել այդ փաստը: Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն, ի հեճուկս իր խոստման, վարչապետ դառնա, դա կարող է կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը:

«Ներման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայներով:

«Ծառուկյան» խմբակցության անունից Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այս օրենքը սահմանադրության հետ կապված խնդիր ունի, իրենք որոշել են քվեարկել ազատ: «Ելք»-ն էլ դեմ քվեարկեց: Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իշխանության գերկենտրոնացումը վարչապետի շուրջ աղետալի է լինելու հայ ժողովրդի համար, դրա համար որոշել են դեմ քվեարկել:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 62 կողմ, 34 դեմ ձայներով:

Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը երկրի դեմքն են, նրանք նույն կարգի ճանաչում ունեն, ինչ դրոշն ու զինանշանը եւ պետք չի այդ մարդկանց զրկել պատասխանատվությունից: Ազգային անվտանգության խորհուրդը հատուկ ֆորս-մաժորային իրավիճակների համար է: Ըստ Արամ Սարգսյանի, նրանք, ովքեր այս օրենքը բերել են, երբեւէ չեն մասնակցել խորհրդի նիստերին եւ չգիտեն, թե Անվտանգության խորհուրդն ինչի համար է:

«Ծառուկյան» դաշինքի անունից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք կողմ են: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ասաց, որ դրանով ԱԺ-ի կարգավիճակը կիջնի, եթե Ազգային անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվի: Ըստ նրա, չի կարող ինքը լինել մի մարմնում, որը պետք է վերահսկի. «Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»:

Առաջին ընթերցմամբ օրենքն ընդունվեց 89 կողմ 7 դեմ ձայներով:

Փաստաբանների համար 100 հազար դրամով տուգանք սահմանող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նույնպես ընդունվեց: «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ կկանգնի փաստաբանների կողքին եւ եթե օրենքն ընդունվի, կդիմեն ՍԴ: ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ փաստաբանների պատժի հետ կապված Եվրոպական դատարանի հետ կապված վտանգ ընդհանրապես չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728