Փետրվարի 9-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կազմակերպվել էր Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին նվիրված քննարկում:
Իրանի Իսլամական հանրապետության (ԻԻՀ) դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին կարեւորելով նման քննարկում կազմակերպումը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, անդրադարձավ Իրանի պատմությանն այն կտրվածքով, որ ցույց է տալիս այդ երկրի դերը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Նրա ձեւակերպմամբ, Իրանը հասել է նշանակալի հաջողության հենց Իսլամի մուտքից հետո: Ի թիվս այլ թեմաների, անդրադարձ եղավ նաեւ Իրանի դերակատարությանը Մետաքսի ճանապարհի համատեքստում, Իրանի չեզոքության հայտարարմանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որը ցավոք չհարգվեց` ի տարբերություն Շվեյցարիայի:
Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին նշեց նաեւ, որ Իրանը պատկերավոր անվանում են Հաղթանակի կամուրջ ու խոսվեց նաեւ այսօրվա Իրանի` տարածաշրջանում ունեցած ազդեցության մասին:
ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի խոսքերով, աշխարհում բազմաթիվ հեղափոխություններ են եղել, սակայն ինքն առանձնացնում է դրանցից 3-ը, որոնք համաշխարհային նշանակություն են ունեցել. դրանք են` Ֆրանսիական հեղափոխությունը, Հոկտեմբերյան հեղափոխությունը` Ռուսաստանում եւ Իսլամական հեղափոխությունը Իրանում:
Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին եգիպտական մամուլում հրապարակված մի հակաիրանական հոդվածից մեջբերում արեց, որի հեղինակը արաբ ազգայնական էր: Նա ասաց, որ զուր չեն ասում, թե «քո բնույթի մասին տեղեկատվությունը թշնամուցդ ստացիր»:
Ինչպես մեջբերեց մշակույթի խորհրդականը, հոդվածագիրը փաստել էր, որ իրանցիները ընտրել են հեղափոխական ճանապարհը, իսկ իրենք Արեւմուտքի հետ դավադրության են գնացել, որը 4 մլրդ դոլար է արժեցել, մինչդեռ Իրանը նախընտրել է դիմադրության ճանապարհով իր երկրի տնտեսության զարգացումը եւ վերածվել համաշխարհային պետության:
ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականը նաեւ անդրադարձավ այսօրվա Իրանին գիտատեխնիկական նվաճումների համատեքստում` սկսած կլոնավորումից, վերջացրած հրթիռային ծրագրով: «Հրթիռային ծրագիր ունեցող 4 երկրներից մեկը Իրանն է, եթե ոչ առաջինը»,-շեշտեց նա`կրկին մեջբերելով արաբ հոդվածագրին, որը գրել էր, թե Իրանը բացառիկ հաջողության հասած երկիր է, որի տարածքը անհնար է հսկել անօդաչու սարքերով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ