ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ե լրատվության վարչությունից խնդրել են տեղեկություններ տրամադրել, թե օրինակ նախորդ հինգ տարիներից յուրաքանչյուրի ընթացքում ծխելու համար որքան տուգանք է նշանակվել, քանի անձի նկատմամբ եւ որքան է եղել տուգանքներից ստացված ընդհանուր գումարը։
ՀՀ ոստիկանության ներկայացրած տվյալները վերաբերում են ոչ թե նախորդ հինգ տարիներին, այլ միայն 2017 թվականին։
Պատասխան գրության մեջ նախ հղում է արվում կառավարության 2008 թ. համապատասխան՝ 292-Ն որոշմանը, որով սահմանված կարգի համաձայն, վարչական իրավախախտում կատարած այն անձանց քարտերը, ովքեր վարչական պատասխանատվության են ենթարկվել ՀՀ ոստիկանության կողմից քննվող իրավախախտումների համար (բացառությամբ ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումների), ոստիկանությունում ներկայացվում են հաշվառման։
Բայց կարգի մեկ այլ կետի համաձայն, հաշվառման քարտը տեղային եւ կենտրոնացված հաշվառման քարտադարաններում պահվում է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վերջին որոշումն ընդունելու օրվանից հաշված՝ մեկ տարվա ընթացքում, որից հետո այն ոչնչացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Այդ հիմնավորմամբ, ոստիկանությունը տուգանքների մասին ներկայացրել է միայն 2017 թ. վերաբերող տվյալներ։ Դրանք վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի երկու հոդվածներով կիրառված տույժերին՝ 135.1 հոդված («Հասարակական՝ օդային, ջրային, էլեկտրական եւ երկաթուղային տրանսպորտում ծխելը») եւ 173.2 հոդված («Ծխելն արգելող կանոնները խախտելը»)։
135.1-րդ հոդվածով նախորդ տարվա ընթացքում տուգանվել է 11 քաղաքացի՝ 5 հազարական դրամով։ Տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 55 հազար դրամ։
173.2-րդ հոդվածով տուգանվել է 107 քաղաքացի։ Տուգանքի չափը դարձյալ կազմել է 5 հազար դրամ, իսկ ընդհանուր գումարը 535 հազար դրամ է:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում