Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մենաշնորհի ծնունդը. տաքսիստները դուրս կմղվեն շուկայից. «Հայոց Աշխարհ»

Փետրվար 09,2018 11:37

Երեկ հայտնի դարձավ, որ ամերիկյան «Յուբեր» եւ ռուսական «Յանդեքս» առցանց տաքսի ծառայությունները ավարտել են Ռուսաստանում եւ հարեւան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, իրենց բիզնեսները միավորելու գործարքը եւ այսուհետ ծառայություն կմատուցեն մեկ միասնական ապրանքանիշով:

Հետաքրքիր է, որ ընկերությունների գործունեությունը սահմանափակվելու է Ռուսաստանով եւ նախկին խորհրդային երկրներով, այն դեպքում, երբ մասնավորապես Uber-ը ժամանակին հավակնում էր եվրոպական եւ ամերիկյան երկրներում տաքսի ծառայությունների ոլորտը գրավել:

«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ ՎԱՀԱԳՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ հավաստիացնում է, որ «Յուբերի» նկատմամբ եվրոպական շատ երկրներում դատական հայցեր են ներկայացվել՝ օրենքը կոպտորեն խախտելու, մենաշնորհային դիրք զբաղեցնելու փորձեր կատարելու համար:

Ըստ նրա՝ Եվրոպայում արգելված է այդ ընկերության գործունեությունը, իսկ մի շարք քաղաքներում էլ ընկերության դեմ դատավարություններ են ընթանում: Թերեւս դա է պատճառը, որ այն փորձում է նոր շուկաներ գրավել, սակայն արդեն նոր ապրանքանիշով, քանի որ հեղինակազրկվել է. «Անգամ ԱՄՆ-ում են մի քանի տարի առաջ ընկերությանը 200 մլն դոլար տուգանել, քանի որ նա ոլորտից արհեստականորեն եւ օրենքի խախտմամբ դուրս էր մղել այլ տաքսի ընկերությունների, եւ իր վճարած տուգանքը նախատեսվում էր բաժանել տուժած ընկերություններին: Այդ ընկերության գործելաոճն է՝ դաշտից դուրս մղել մյուսներին եւ դառնալ գերիշխող: Նույնը վերաբերում է «Յանդեքսին»:

Երբ «Յանդեքսը» նոր էր մտել հայաստանյան տաքսի ծառայությունների ոլորտ, հայտարարեց, թե ամենամատչելի սպասարկումն է իրականացնելու: Բայց այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ դա դեմպինգային քայլ է, քանի որ նրա հայտարարած գներով եւ աշխատաոճով որեւէ ընկերություն չի կարող շահույթ ստանալ, դեռ պետք է իր գրպանից պարբերաբար ներդրումներ անի, որպեսզի բիզնեսը կարողանա պահել:

Շատ կարճ ժամանակահատվածից հետո ընկերությունը բացահայտեց իր իրական մտադրությունները, երբ աստիճանաբար թանկացնելով ծառայությունները՝ հասցրեց ներկայիս գործող գներին: Դա այն դեպքում, երբ առցանց ծառայությունները հարկատու չեն, կարող են ավելի մատչելի գներով գործել: Բայց գների տարբերությունները սովորական հարկատու տաքսի ընկերությունների կամ անհատ վարորդների իրականացրած ծառայությունների գների համեմատ չնչին են: Վստահեցնում եմ, որքան այն մենաշնորհային դիրք զբաղեցնի, այդքան սակագները բարձրանալու են»:

Հարցին ի պատասխան, թե արդյոք Հայաստանն իր ներքին սպառման փոքր շուկայով կարո՞ղ է գրավիչ լինել մեծ հավակնություններ ունեցող ընկերությունների համար, միության նախագահն ասաց, որ դա հնարավոր է միմիայն մենաշնորհային դիրք գրավելու դեպքում: Իսկ եթե ոլորտում շարունակեն գործել նաեւ այլ խոշոր ընկերություններ, ապա Հայաստանում բիզնեսը նրանց համար շահավետ չի լինի. «Միայն Երեւանում օրական 700-750 հազար ուղեւորափոխադրում է կատարվում: Եթե նրանք կարողանան գրավել ոլորտը, բնականաբար ծառայության գները կբարձրանան, իսկ այստեղ աշխատելը նրանց համար շահավետ կլինի: Կոպիտ հաշվարկներով՝ օրական այդ ընկերությունը կարող է 1 մլն դոլար հասույթ ունենալ:

Իսկ եթե չհաջողվի ոլորտը մենաշնորհային դարձնել, անկասկած բիզնեսը կձախողեն: Չեմ կարծում, թե այդ մարդիկ եկել են այստեղ իրենց համար ապրուստի միջոց վաստակելու, նրանց սպասելիքներն անհամեմատ մեծ են: Եվ բոլոր հնարավոր միջոցները կգործադրեն, որ թե՛ Հայաստանում, թե՛ այն երկրներում, որտեղ գործունեություն են ծավալելու, տաքսի ծառայությունների ոլորտում գերիշխեն»:

Առցանց գործող տաքսի ծառայությունները օգտվում են ոչ թե հաշվիչներից, այլ առցանց տարբեր հավելվածներից, որոնց մասին կարգավորող օրենք չունենք, դրանք վերահսկելի չեն, ամեն պահի ենթարկվում են միջամտության ռիսկի. «Նման հավելվածներով ու այլ առցանց, անվերահսկելի միջոցներով աշխատելն անօրինական է: Եվրոպայում վաղուց արգելված են տաքսի ծառայությունները նման եղանակով կառավարելու միջոցները: Այնտեղ գործում է առցանց տաքսի պատվիրելու մեխանիզմը, սակայն այդ մեքենաները աշխատում են հաշվիչներով: Հավելվածները միայն պատվերներ ընդունելու եւ մեքենայի ճանապարհը վերահսկելու համար են:

Այսինքն՝ այնտեղ փողոցում մեքենա գտնելուց բացի հնարավոր է մեքենա պատվիրել նաեւ առցանց, ինչպես մեզանում է: Բայց դա չի նշանակում, թե այդ ծառայությունը առցանց է մատուցվում, իսկ ընկերությունն էլ առցանց տաքսի ընկերություն է համարվում: Դրանք սովորական տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ են, նույն խաղի կանոններով են գործում մնացած ընկերությունների հետ՝ նրանց հավասար հարկեր վճարելով եւ նույն օրենքին ենթարկվելով»:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728