Մարտի 1-ի թեման արծարծվում է Մարտի 1-ից առաջ եւ մոռացվում Մարտի 1-ի օրը նշելուց հետո։ Նման կարծիք հայտնեց Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այս գործը տեղից կշարժվի միայն մի դեմքում, եթե լինի հանրային պահանջ, կամ այն ժամանակվա կամ ներկայիս քաղաքական դաշտի ուժերը կարեւորեն Մարտի 1-ը։
– Պարոն Քոչարյան, որպես նախկին փաստահավաք խմբի անդամի՝ այս ընթացքում քննչական խումբը ձեզ կանչե՞լ է, հարցաքննե՞լ է գործի շրջանակներում։
– Բայց ինչու պետք է կանչեն։ Փաստերի մեր ամբողջ փաթեթը լուծարումից հետո առգրավվել եւ հանձնվել է քննչական խմբին, եւ խումբը պարտավոր էր դա մանրակրկիտ ուսումնասիրել։ Եթե էդքան էլ հավես չունեին ուսումնասիրելու, բավական է իրենք կարդային մեր հրապարակած զեկույցները եւ այդ զեկույցներում կգտնեին այն ուղղությունները, որտեղով պետք է իրենք իրականացնեին հնչեցված, բարձրացված փաստագրված նյութի հիման վրա գործողություններ։ Նրանք այդ գործողություններն էլ չեն կատարել, պարզապես փորձում են ասել, որ սրանք էդքան էլ հիմնավորված չէին, եւ մենք որեւէ ցանկություն չունենք այդ ուղղությամբ շարժվելու։
10 տարի մենք ունենք պատային վիճակ, իշխանությունները հայտարարում են գործը կարճված չի եւ հասարակությանը ըստ էության հեռացնում են իր արդարացի պահանջից։ Այդպես շարունակելու արդյունքում մի օր էլ կասեն, որ՝ գիտեք ինչ բացահայտել անհնար է, որովհետեւ բացահայտման անհրաժեշտ մարդկանց վկաների առկայությունը այլեւս բավարար չի ինչ-որ բան բացահայտելու։ Մարդիկ կան, որոնք մահացել են, մարդիկ կան, որոնք լքել են Հայաստանը։ Ներքին զորքերի հրամկազմն ամբողջությամբ այս տարիների ընթացքում փոխվել է, բայց այդպես էլ պարզ չեղավ, գոնե Գրիգոր Գրիգորյանին (Ներքին զորքերի նախկին հրամանատար, -հեղ.) իրենք կանչե՞լ են, բացատրություն վերցրե՞լ են, որովհետեւ այդ մարդու հրամանների արդյունքում էր, որ բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել ներքին զորքերի կազմավորման ընթացքում, նաեւ նրա սխալ արձակած հրամանների արդյունքում կան մահացած մարդիկ։
– Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանը որոշեց մայր գործից մասեր անջատել, այդ փաստերը կցվեցի՞ն առանձին գործերին։
– Դրանք ոչինչ չասող որոշումներ են, որովհետեւ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողը պետք է պատասխան տար մեկ հարցի՝ ինչո՞ւ է անգործության մատնված քննչական խումբը։ Ես չգիտեմ քննչական խմբի ղեկավարն այսօր ով է, Վահագն Հարությունյանին ո՞վ է փոխարինել, ի՞նչ է արել, ես չգիտեմ այդ մարդն այս ընթացքում ինչ-որ բաներով հանդես գալի՞ս է Մարտի 1-ի գործով… Անգործության են մատնված թե քննչական խումբը, թե նաեւ դրանք վերահսկող մարմինները՝ իրենց ղեկավարների հետ միասին, սա շատ կարեւոր հարց է: Դատախազությունը պարտավոր էր գոնե կանչեր ձեւի համար ինչ-որ բան ցույց տար, որ ինչ-որ գործ են անում, բայց դա էլ չեն անում։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում