Ազգային ժողովում դատապարտյալներին ներում շնորհելու՝ «Ներման մասին» նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն են հայտնում, թե ինչու է ներման իրավունքը նախագահից վերցվում և տրվում վարչապետին: Պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը զարմացած էր, թե ինչու է ներում շնորհելու իրավունքը, որը, ըստ էության, մարդասիրական քայլ է, վերցվում նախագահից։ Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքերով էլ, եթե ներելու իրավունքից էլ են զրկում նախագահին, գուցե նախագահի ինստիտուտը իսպառ հանեին Սահմանադրությունից, նրա իմաստը ո՞րն է: Ըստ Մարուքյանի՝ նախագահի ինստիտուտը համալիր նսեմացման են տանում: Բացի այդ, Մարուքյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որ ներման հրամանագրերը դառնան հրապարակային։ Հասարակությունը պետք է իմանա՝ ում և ինչու են ներում: Արդարադատության փոխնախարարի խոսքերով՝ ներման ենթակա դատապարտյալների ցուցակը, օրինակ, Բելգիայում չեն հրապարակում, որ չկաշկանդեն նախագահին: Ի պատասխան, Էդմոն Մարուքյանը հակադարձեց, ասելով. «Բելգիայում չեն ասում դատապարտյալին՝ դու դատվելուց հետո կներվես, եթե ձայն ես բերել իշխանության համար»:
Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը զարմանում է, որ պատգամավորները մի քանի օր է Ազգային ժողովում քննարկում են, թե ում պետք է վերապահվի ներման իրավունք շնորհելը։ «Այդ ներման ինստիտուտը այնքան ստվերային, աղավաղված, անհասկանալի և գործողության մեջ այնքան արատավորված ու վարկաբեկված է, որ հիմա մարդկանց գերակշռող մեծամասնության, փաստաբանների ու իրավապաշտպանների համար ոչ մի տարբերություն չկա, թե այդ անվերահսկելի լծակը նախագահի ձեռքում կհայտնվի, վարչապետի ձեռքում, թե մեկ ուրիշի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը։
Սոնա Հարությունյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում