Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպասվածին հակառակ, Սերժ Սարգսյանին բնավ էլ ձեռնտու չէ (գոնե առայժմ) շատ թույլ կերպար նախագահի պաշտոնում. «Իրատես»

Փետրվար 09,2018 11:18

Խոսել այն մասին, թե Արմեն Սարգսյանը զուտ ներկայացուցչական ֆիգուր է, ակնհայտորեն ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձ է։ Նախագահի պաշտոնը, իհարկե, ներկայացուցչական է, սակայն, տվյալ դեպքում, կոնկրետ անձից ելնելով՝ այդ պաշտոնը բոլորովին այլ իմաստ է ստանում։

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ համակարգային հերթական գործչին ասպարեզ բերելով, իշխանական դաշտի առանցքային պաշտոնները զբաղեցնում է այնպիսի մարդկանցով, որոնք հասարակական ընկալման մեջ քիչ թե շատ ընդունելի են։ Այս պարագայում, երբ իշխանական համակարգը նրբորեն ներմուծում է մարդկանց, որոնք բոլոր առումներով կարող են միմյանց մրցակից լինել, ՀՀ գործող նախագահը փորձելու է խաղալ նրանց բնական և հատուկ հրահրվող հակադրությունների վրա. եթե Սերժ Սարգսյանն է վարչապետ դառնում, ապա փորձելու է փոխվարչապետի նկրտումները հավասարակշռել չորրորդ նախագահի ամբիցիաներով, իսկ ինքը կրկին, ինչպես սովորաբար եղել է, ստանձնելու է արբիտրի դեր։

Թերևս դժվար չէր կանխատեսել, որ Սերժ Սարգսյանի՝ նոր նախագահի հետ կապված մանևրներն այնքան էլ դուր չեն գալու քաղաքական դաշտի այլ դերակատարների՝ սկսած ՀՀԿ-ից, որը հերթական անգամ հայտնվեց Սերժ Սարգսյանից անտեսված կամ «քցված» կարգավիճակում։ Փաստորեն, ՀՀԿ շարքերը զգում են, որ իրենք ընկալվում են զուտ որպես «քաղաքական մեծամասնություն» կոչվող գործիք և ԱԺ-ում ընդամենը կոճակ սեղմող։ Սա, իհարկե, դժգոհությունների առիթ է դառնում, ինչն արտահայտվում է տարբեր ազդեցիկ խմբերի կողմից վերահսկվող կամ ուղղորդվող մամուլում։ Այս համատեքստում պատահական չէ, որ վերջերս ՀՀԿ կազմավորման ակունքներում կանգնած գործիչներից մեկը՝ Վազգեն Կարախանյանը, հարցազրույցում իրենց կողմից ներկայացվող չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին խոսելիս, ուղղակիորեն ասել էր, որ վերջինս կապեր ունի մասոնական օթյակների հետ՝ ըստ էության ակնարկելով, թե որևէ կերպ չի հասկանում` ինչպես են համադրվելու մասոնական գաղափարախոսությունն ու ՀՀԿ ազգային պահպանողական, նժդեհական ուղղությունը։

Իշխանական այլ շրջանակների ներկայացուցիչներ էլ մամուլի միջոցով ակնարկում են, թե Արմեն Սարգսյանը թեև համարվում է արևմտյան կողմնորոշմամբ գործիչ, ու ոմանք անգամ ասում են, թե նա ոչ թե ՀՀ իշխանական համակարգից դուրս գործիչ է, այլ հենց արևմտյան համակարգերի դրածոն է Հայաստանում, այնուամենայնիվ, նաև հիշեցնում են, որ դեռևս 1983 թվականին՝ այն ժամանակ դեռ խորհրդային գիտնական Արմեն Սարգսյանը գործուղվել էր Քեմբրիջ սովորելու։ Ակնարկը պարզ է. չէ՞ որ խորհրդային ոչ մի գիտնական չէր կարող առանց համապատասխան թույլտվության հայտնվել այնպիսի երկրում, ինչպիսին Անգլիան է։ Այստեղ նշվում և ակնարկվում են նրա ոչ միանշանակ, ավելի քան կասկածելի հնարավոր կապերը որոշ կառույցների հետ։

Այս օրերին տեղի ունեցածից կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը մեծ խաղադրույք է կատարում Արմեն Սարգսյանի վրա, և նրան, սպասվածին հակառակ, բնավ էլ ձեռնտու չէ (գոնե առայժմ) շատ թույլ կերպար նախագահի պաշտոնում։ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է, որպեսզի ՀՀ ապագա նախագահը լինի ֆունկցիոնալ, որը շատ բացեր կփորձի փակել ապագա իշխանական դասավորումներում, որտեղ աստիճանաբար ուրվագծվում է նաև Սերժ Սարգսյանի տեղը՝ ամենայն հավանականությամբ, վարչապետի պաշտոնում։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ոչ թե վարչապետի, այլ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,իմ կարծիքով։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728