ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նախօրեին հայտարարել է, որ Դաշնակցության համար ընդունելի չէ ռեյտինգային ընտրակարգի վերանայման «Ծառուկյան» դաշինքի մոտեցումը: Դաշնակցությունն այդպիսով, փաստորեն, տարածություն է սահմանում իր ու «Ծառուկյան» դաշինքի միջև՝ ցույց տալով, որ խոսք չի կարող լինել համատեղ ճակատի մասին: Դաշնակցության այդ մոտեցման շարժառիթները կարող են բազմազան լինել:
Մի կողմից ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ին հավաստիացնել, որ խոսք չկա որևէ լայն «դավադրության» մասին, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն իր խոսնակի միջոցով ակնարկեց լարվածությունը գեներացնելու դեպքում ՀՅԴ հետ կոալիցիոն համաձայնագիրը վերանայելու մասին: Մյուս կողմից՝ Դաշնակցությունն, ըստ երևույթին, չի ցանկանում «Ծառուկյան» դաշինքին էլ «բաժնետեր» դարձնել ՀՀԿ հետ իր, այսպես ասած, քննարկումներում կամ հարաբերությունների պարզաբանման ճշգրտման գործընթացում:
Խոշոր հաշվով, նույնն է անում ՀՀԿ-ի հետ նաև «Ծառուկյան» դաշինքը, և այստեղ ակնհայտ է, որ արդեն իսկ բուն խնդիրը նույնիսկ ոչ այնքան 2018-ի ապրիլն ու վարչապետի խնդրի հանգուցալուծումն է, որքան 2022 թվականի խորհրդարանի ընտրության «քարտեզագրումը»: Սակայն հենց այդ հանգամանքը «Ծառուկյան» դաշինքը ՀՅԴ համար դարձնում է մրցակից: Եվ այստեղ, իհարկե, Դաշնակցությունը հայտնվում է երկիմաստ վիճակում: Մի կողմից «Ծառուկյան» դաշինքի հետ գործակցված խաղը ՀՀԿ-ի վրա ավելի մեծ ճնշում կլինի և կմեծացնի ռեյտինգային ընտրակարգի հարցում ՀՀԿ-ի փոխզիջման գնալու հավանականությունը, մյուս կողմից, սակայն, «Ծառուկյան» դաշինքը այնքան խոշոր խաղացող է, որ կարող է ոչ միայն դափնիների ամենամեծ բաժինը վերցնել, այլ նույնիսկ խժռել նաև ՀՅԴ հասանելիք դափնիները՝ ի վերջո խաղից դուրս թողնելով ՀՅԴ-ին:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում