Դատելով ամենից, երեկ Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը կավարտվի անհաջողությամբ։
Մինչ բոլորը հույս են փայփայում ռազմաճակատի շփման գծում փոխադարձ վստահության մեխանիզմների ներդրման շուրջ, Ադրբեջանը հետեւողականորեն արժեզրկում է նաեւ այդ գաղափարը՝ բանակցությունների ակտիվացման պահերին իրականացվող սպանությունների միջոցով։
Նախքան համանախագահների այցը իրականում ողջ ինտրիգն այն էր, թե այս անգամ Բաքուն ինչպես է տապալելու միջնորդների հերթական առաքելությունը։ Այդ առումով առաջին ազդանշանը ստացանք այն պահին, երբ պարզվեց, որ մինչեւ փետրվարի 6-ին նշանակված իր գործընկերների ժամանումը՝ փետրվարի 3-ին այնտեղ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը։ Նա փախստականների համար կառուցված ավանում հանդիպել է հակամարտության գոտուց տեղահանված ադրբեջանցիների հետ։
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 2018թ. հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններն առաջաձգելու եւ ապրիլի 11-ին նշանակելու մասին։ Ու մինչ գլուխ էինք կոտրում, թե ինչու է դա արվում, Բաքու ժամանեցին համանախագահներն ու փետրվարի 7-ի առավոտյան հանդիպեցին Ադրբեջանի նախագահի հետ։
Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղարի՝ դրան հետեւած հայտարարությունը պարզաբանում էր Բաքվի ժառանգական տիրակալի այս «քյանդրբազության» գաղտնիքը. պարզվում է, որ Ադրբեջանը նախագահական ընտրություններից անմիջապես հետո ինտենսիվ բանակցությունները վերսկսելու եւ շարունակելու մտադրություն ունի։
Բայց թե ինչ ասել է՝ «ինտենսիվ բանակցություններ», պարզ դարձավ արդեն նույն օրը՝ փետրվարի 7-ին, երբ ռազմաճակատի հարավային ուղղության վրա դիպուկահարի կրակոցից զոհվեց հերթական հայ զինծառայողը։
Ու քանի որ այդ ողբերգությունը տեղի է ունեցել իրենց այցելության պահին, միջնորդները պարտավոր են գնահատական տալ տեղի ունեցածին։ Այստեղ արդեն Ա.Կասպրշիկի դիտորդական առաքելության անհրաժեշտությունը չկա. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ մեկնելուց հետո Արցախի իշխանությունները կարող են զոհված զինվորի դիակը դնել նրանց առջեւ իբրեւ փաստ։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում