Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը բարձր է գնահատում գործընկեր պատգամավորների ցուցաբերած օբյեկտիվ և կառուցողական մոտեցումը

Փետրվար 09,2018 10:23

Հայաստանի Հանրապետության փաստաբանների կողմից դատավարական օրենսգրքերի նախագծերում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները հանելու պահանջով իրականացված երկօրյա բողոքի ակցիային զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը, ինչպես նաև նախաձեռնող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Ազգային Ժողովի խմբակցությունների պատգամավորներին՝ վերջիններիս ներկայացրել փաստաբանների պահանջները, և, այդ կապակցությամբ հիմնավորված դիրքորոշումները:

Պետք է նշել, որ այսօր՝ դատավարական օրենսգրքերի նախագծերի քննարկման ժամանակ, իրենց ելույթներում փաստաբանների կողմից ներկայացված խնդրի մասին ամբիոնից իրենց մտահոգությունները հայտնել են «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, մասնավորապես.

Արտակ Զեյնալյանը նշել է, որ գործող ՀՀ դատական օրենսգրքում էլ կա նման դրույթ, սակայն վերապահումով՝ պատասխանատվության ենթակա չէին փաստաբանները՝ նկատելով, որ չի եղել դեպք, որ այդ դրույթը կիրառվի դատախազների կամ քննիչների նկատմամբ: Պատգամավորը դա համարել է զսպաշապիկ փաստաբանների համար՝ շեշտելով, որ ընդունման պարագայում Հայաստանի՝ ՄԻԵԴ-ում պարտվելու գործերն ավելի են շատանալու։

Նաիրա Զոհրաբյանը համակարծիք է եղել Արտակ Զեյնալյանի հետ, ինչպես նաև նշել է, որ այս փոփոխությունները ՄԻԵԴ-ում դառնալու են լրջագույն վիճարկման առարկա: Պատգամավորը ներկաներին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Փաստաբանների պալատից Ազգային Ժողով նիստին ներկա լինելու առաջարկ է ստացվել, ինչը չի բավարարվել, քանի որ ԱԺ կանոնակարգով դա նախատեսված չէ: Նաիրա Զոհրաբյանը նաև հորդորել է կառավարությանը հանդիպել փաստաբաններին, ընդգծելով որ. «Ի վերջո որևէմեկն իրավունք չունի խախտել Ազգային Ժողովի կանոնակարգը և առաջինից երկրորդ ընթերցում բերել երկու նոր նախագիծ, որոնց դրույթները առաջին ռեժիմով չեն անցել»: Պատգամավորը կոչ է արել փոփոխությունը չդարձնել «պրինցիպի հարց» և, նորից քննարկումներ կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ:

Շաքե Իսայանը նկատել է, որ դատական տուգանքի մասին դրույթը Դատական օրենսգրքի նախագծից հանվել և բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծ, որն արդեն առաջին ընթերցմամբ քննարկվել է, և, փաստորեն, այդ պատճառով որոշ իրավական ակտեր, այս դահլիճում անցնելու են ընդամենը մեկ ընթերցում:

Պատգամավորը բարձրացրել է նաև հրատապ պայմաններում կազմակերպված հարցի քննարկման անհրաժեշտության բացակայությունը, այն դեպքում, որ նույն դատական տուգանքի նորմերը ուժի մեջ են մտնելու 2019 թվականի հունվարի 1-ից միայն:

Շաքե Իսայանը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն՝ 2016թ. քննվել է մոտ 130.000 քաղաքացիական գործ, միայն 4 փաստաբանի նկատմամբ է Փաստաբանների պալատում սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշում կայացվել, իսկ 2017թ., երբ ավելի շատ գործեր են քննվել, միայն այդպիսի 2 դեպք է արձանագրվել: Պատգամավորն առաջարկել է լրացուցիչ մեխանիզմներ ներդնել Փաստաբանների պալատի սանկցիա կիրառելու գործառույթն առավել օբյեկտիվ դաշտ բերելու համար, ինչ-որ տեղ Պալատից այս գործիքը խլելու, սրանով իսկ Փաստաբանների պալատի դերակատարությունը նվազագույնի հասցնելու փոխարեն: Նա նաև նշել է, որ ի տարբերություն գործադիրի, փաստաբանները բավական կառուցողական են տրամադրված:

4.Էդմոն Մարուքյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ նույնիսկ ուսումնասիրություններ չեն ներկայացվել, թե ինչու են անհրաժեշտ նման կարգավորումները, չի ներկայացվել տուգանքի չափը, կամ ինչպես կարող են բողոքարկել այդ որոշումը։

Պատգամավորը ընդգծել է նաև, որ «Մեր դատարանները պատրաստ չեն նման իշխանություն ստանալուն, չարաշահվելու է, իսկ իմաստը փաստաբանությանը հարված հասցնելն է։ Մենք դատավոր ունենք, որը փաստաբանին ասում է՝ շատ չե՞ս արդեն միջնորդություն անում, կարող է ասի՝ շատ ես միջնորդություն ներկայացնում, արի քեզ մի հատ տուգանեմ»:

5.ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր խոսքում նշել է. «Լուծումը, որը հիմա առաջարկվում է, անհասկանալի է, անաչառության սկզբունքը խախտվելու է», ասել է նա՝ հավելելով, որ ընդունման դեպքում միջազգային ատյաններում հերթական անգամ Հայաստանն է պարտվելու. «Ես կարծում եմ տեղի չէ առանց համաձայնեցնելու այս հարցը բերել այստեղ, արագ քննարկել ու անցկացնել: Կարծում եմ, որ այնքան էլ հրատապ չէ, որ այս հարցը հենց հիմա լուծվի: Ես կարծում եմ պետք չէ ավելորդ լարվածություն առաջացնել, որևէ խանգարող հանգամանք չկա, որ այս հարցը հանգիստ քննարկենք», նշել է Ռուստամյանը:

Փաստաբանների պալատը բարձր է գնահատում գործընկեր պատգամավորների ցուցաբերած օբյեկտիվ և կառուցողական մոտեցումը՝ փաստաբանական համայնքին առնչվող խնդրահարույց հարցը հետևողականորեն բարձրաձայնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի խոսնակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728