Վերջերս շատ հետաքրքիր զրույց ունեցա Հայաստանի եւ Վրաստանի տեղեկատվական դաշտի փորձագետների հետ, որոնք արձանագրեցին բավականին տխուր իրողություն: Ժամանակակից մարդկանց տեղեկատվություն (եւ, հետեւաբար, լրագրություն) պետք չէ: Նրանք ցանկանում են կարդալ կարծիքներ, ընդ որում՝ ոչ թե բոլոր կարծիքները, այլ միայն այնպիսի կարծիքներ, որոնք համընկնում են իրենց սեփական մտավոր կաղապարների հետ, եւ այդպիսով բավականություն, հաճույք, երբեմն նաեւ՝ հրճվանք են ապրում:
Բերեմ ամենաթարմ օրինակը: Ամերիկացի բիզնեսմեն Իլոն Մասքը տիեզերք է ուղարկել «Falcon Heavy» գերծանր հրթիռը՝ իր արտադրած «Տեսլա» էլեկտրամոբիլով, որն այնուհետեւ դուրս է եկել բաց տիեզերք եւ մի քանի դիրքից «լուսանկարվել է»: Գեղեցիկ, ֆանտաստիկ, ինչ-որ տեղ նաեւ խելահեղ եւ, անշուշտ, իր բնույթով գովազդային նախաձեռնություն է: Պարզ է, որ Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների մեջ այդ ծրագրի իրականացումը խանդ եւ նախանձ է առաջացրել, որովհետեւ ժամանակին Խորհրդային Միությունը հավասարը հավասարի պես մրցում էր Միացյալ Նահանգների հետ տիեզերքի բնագավառում, իսկ ժամանակակից Ռուսաստանը անհուսորեն հետ է ընկել ամերիկացիներից:
Եվ ահա ինչ-որ բլոգեր գրում է, որ, իր կարծիքով, Մասքը ոչ մի հրթիռ էլ չի ուղարկել, ամեն ինչ բեմադրված է ու սարքած է համակարգչի միջոցով: Կարծիք է, որը, ինչպես ասում են, գոյության իրավունք ունի: Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ այս կարծիքը հավանեցին, տարածեցին եւ մեկնաբանեցին, որովհետեւ այդ կարծիքը ռեզոնանսի մեջ է մտել իրենց «հայրենասիրական» զգացմունքների հետ: Մարդկանց բացարձակապես չի հետաքրքրում, որ հիշյալ բլոգերը ոչ մի փաստ, ոչ մի նկար եւ ոչ մի տեսագրություն չի բերել իր կարծիքը հիմնավորելու համար:
Այսինքն՝ կարեւոր չէ, թե որքանով է լուրջ կամ հեղինակավոր տվյալ աղբյուրը, արդյոք համադրվե՞լ են մի քանի աղբյուրներ, արդյոք բերվե՞լ են փաստեր: Կարեւոր է միայն մի բան՝ համընկնո՞ւմ է տվյալ հրապարակումը զանգվածների կրքերի հետ, թե՞ չի համընկնում:
Հայաստանում, ինչպես հայտնի է, կան մարդիկ, որոնք ատելությամբ են լցված ՌԴ «հավերժ նախագահ» Վլադիմիր Պուտինի հանդեպ: Երբ նրանց հրամցնում ես ռուսական ինչ-որ չորրորդական կայքից կամ բլոգից բացասական կարծիք Պուտինի մասին, այդ մարդիկ հրճվում են երեխայի պես եւ տարածում են այդ կարծիքը՝ «տեսա՞ք, այդ վատ մարդու մասին ինչ ասացին»:
Դե, Հայաստանի իշխանությունների մասին էլ չեմ ասում: Բավարար է նշել որեւէ իշխանավորի անուն եւ կողքը դնել որեւէ բացասական կամ, ցանկալի է, հայհոյական մակդիր, եւ հրապարակման հաջողությունն ապահովված է: Ընդ որում, այդ հրճվանքն ապրում են ինչպես շարքային օգտատերերը, այնպես էլ գիտական կոչումներ եւ բարձր ինտելեկտ ունեցողները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բառացի չեմ յիշում, բայց Վերնոյի ֆիլմում Ազատն այսպիսի բան է ասում մօրը. «Մայրիկ, մարդկանց այնքա՜ն հեշտ է խաբելը, երբ նրանք շատ են ուզում հաւատալ դրան»:
Ժամանակը չի՞ երեկվա մեկնաբանությունս տեղադրելու: Արդեն հոդվածը ոչ ոք /բացի ինձանից, թերևս/ չի բացում…
Հարգելի Մարգար Մախսուդյան, Ձեր մեկնաբանությունը հակասում էր հրապարակման՝ մեր վարքականոնին, այդ պատճառով այն չենք հրապարակել:
Հարգելի Տաթև Հարությունյան, որպեսզի համատեղ պարզենք իմ մեկնաբանության հակասությունը ձեր կողմից հրապարակաված վարքականոնին, նախ բառացիորեն մեջբերեմ այն.
՛՛Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ և սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին:՛՛
Չեք ասի՞, թե քաղաքակրթական ինչ զանցանք եմ թույլ տվել:
Հարգելի Մարգար Մախսուդյան, Ձեր մեկնաբանությունը հակասում է այս կետին «Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա»: