Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը վեց ամսով
կրճատեց ընտրություններին պատրաստվելու ժամանակը
Այս տարի լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնավարման ժամկետը: Նախապես հայտնի էր, որ նախագահական ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի 17-ին: Սակայն օրերս անսպասելիորեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեց հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2018թ. ապրիլի 11-ին:
Ավելի վաղ, շտապողականություն դրսեւորելով, Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը հոկտեմբերին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններին նախագահի թեկնածու առաջադրեց գործող նախագահ Իլհամ Ալիեւին: Նշենք, որ 2016թ. սեպտեմբերին Սահմանադրության մեջ իրականացված փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին անդրադառնալով Իլհամ Ալիեւի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը՝ քննադատել է այն: Ընդդիմադիր գործչի հաղորդմամբ` այդ քայլով Իլհամ Ալիեւը ցանկանում է չորրորդ անգամ նախագահ ընտրվել, ինչը միանգամայն անընդունելի է ընդդիմության համար: «Փաստացի հայր եւ որդի Ալիեւները արդեն 45 տարի ղեկավարում են երկիրը, ինչը հակասում է հանրապետության սկզբունքներին: Իլհամ Ալիեւը գիտեր, որ ընդդիմությունը պատրաստվում է երկարաժամկետ քարոզարշավ իրականացնել ընտրակեղծիքների դեմ եւ արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի ընդդիմությանը զրկի բողոք արտահայտելու, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների պահանջ ձեւավորելու հնարավորությունից»,- նշել է Ալի Քերիմլին:
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլին նույնպես նշել է, որ Իլհամ Ալիեւը այս քայլին գնացել է, որպեսզի եւս 7 տարով երկարաձգի իր իշխանությունը: «Իլհամ Ալիեւն այս քայլով ցանկանում է կրճատել ընտրություններին պատրաստվելու ընդդիմության ժամանակը»,- ասել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդը: Արիֆ Գաջիլին նշել է նաեւ, որ այս հապճեպ որոշումը նպատակ ունի ուժեղացնելու Ադրբեջանում առկա ներքին հակասությունները:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» փետրվարի 5-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունները եւ բողոքի ակցիաներ իրականացնել: «Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները նշանակված էին 2018թ. հոկտեմբերի 17-ին, եւ այդ մասին հայտարարվել էր ընդամենը 3 շաբաթ առաջ: Հոկտեմբերի 17-ն արդեն հայտարարվել էր որպես ոչ աշխատանքային օր, եւ հիմա հայտարարվում են արտահերթ ընտրություններ եւ այն էլ՝ նախընտրական քարոզարշավն սկսվելուց ընդամենը 5 օր առաջ: Այս ընթացքում երկրում տեղի չեն ունեցել իրադարձություններ, որոնք առաջացնեին արտահերթ ընտրությունների պահանջ: Այսօր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» համակարգող մարմնի նիստում մենք քննարկեցինք արտահերթ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը, հնարավոր քաղաքական, իրավական, սոցիալական եւ բարոյական հետեւանքները: Մենք ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ ընտրությունները որակում ենք որպես ընտրությունների ինստիտուտի ծաղրանք, քանի որ դա վերացնում է այն ամենը, ինչ փոքրիշատե պահպանվել էր այդ ինստիտուտից»,- նշել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին:
Վերջինս նաեւ հիշեցրել է, որ նախորդ` 2013թ. նախագահական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը եզրակացրել էր, որ ընտրատեղամասերի 58 տոկոսում, որտեղ դիտորդները ներկա էին գտնվել, արձանագրվել էին կեղծիքներ: «Մենք վստահ ենք, որ ապրիլի 11-ին նշանակված ընտրությունները նույնպես անցնելու են ընտրակեղծիքներով: Մենք կարծում ենք, որ այս ընտրությունները եւս մեկ քայլ կդառնան ադրբեջանական ժողովրդի ընտրությունների միջոցով իրենց իշխանությունը ձեւավորելու հնարավորությունից զրկելու ճանապարհին»,- ասել է Հասանլին՝ հավելելով. «Մենք որոշել ենք բոյկոտել այս ֆարսը, որը կոչվում է նախագահական ընտրություններ: Մենք դիմելու ենք ժողովրդին՝ դիմակայելու այս իշխանություններին՝ օգտագործելով բոլոր իրավական եւ քաղաքական միջոցները»:
Ո՞րն էր Ալիեւի կողմից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառը… Այս հարցին ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ այլուր փորձում են պատասխաններ գտնել՝ ներքաղաքականից մինչեւ արտաքին քաղաքական եւ Ղարաբաղյան հիմնախնդիր:
Ալիեւի քայլը, թերեւս, մի քանի գործոններով էր պայմանավորված:
Նախ՝ ներքին իրավիճակը: Հայտնի է, որ Նովրուզի տոնի շրջանակներում համաներում է կայանալու: Ադրբեջանական գործակալությունները դեռեւս հունվարին տարածած հաղորդագրություններում հայտնում էին, որ Ադրբեջանում Համաներման մասին հրամանագիր է ստորագրվելու, եւ նախագահին առընթեր Համաներման հարցով հանձնաժողովը Ալիեւին արդեն իսկ ներկայացրել է համաներման ենթակա անձանց ցուցակ:
Ի՞նչ կապ կա համաներման եւ Ալիեւի որոշման միջեւ:
Արդեն իսկ Ադրբեջանում հնչել են տեսակետներ, որ համաներմամբ ազատ արձակվածները շատ ժամանակ չեն ունենա հասարակական ընդվզում բարձրացնելու ընդդեմ Ալիեւի առաջադրման, մինչդեռ եթե ընտրությունները կայանային հոկտեմբերին, ապա ազատ արձակված ընդդիմադիրները որոշակի ժամանակ կունենային մոբիլիզացնելու հասարակության դժգոհ հատվածին ընդդեմ Ալիեւի ռեժիմի:
Ալիեւի քայլը կարելի է խորամանկ համարել նաեւ Ադրբեջան-ԵՄ համագործակցության շրջանակներում:
Հայտնի է, որ Ադրբեջանը, կարծես ձգտելով Հայաստանից հետ չմնալ, փորձում է ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրել: Անցյալ ամիս Ադրբեջանում Եվրամիության դեսպան Կեստուտիս Յանկաուկասն, օրինակ, նշել էր, որ «աշխատելու են նոր համապարփակ հավակնոտ համաձայնագիր կնքելու ուղղությամբ»: Դեսպանը ներկայացրել էր հիմնական ուղղությունները, որոնք կարող են օգտակար լինել ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համար: «Հարավային գազային միջանցքի շինարարությունը, որը թույլ կտա ադրբեջանական գազին ԵՄ շուկա մտնել մինչեւ 2020թ-ը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու օգտագործումը եւ աջակցությունն ազատ առեւտրի ստեղծմանը, որը կնպաստի տրանսպորտի եւ առեւտրի ծավալների ավելացմանը, Ադրբեջանին տնտեսության դիվերսիֆիկացման եւ բարեփոխման համար օգնության ցուցաբերումը լավագույն եվրոպական տեխնոլոգիաների եւ առաջադիմական որոշումների տրամադրման ճանապարհով»,- հայտնում էր jam-news.net-ը:
Յանկաուկասը հիշեցրել էր, որ Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ խորացված համագործակցության մասին բանակցությունները սկսվել են 2017թ.-ի փետրվարին. «Մենք չպետք է շտապենք, բայց պետք է երաշխավորենք, որ համաձայնագիրը բարձր մակարդակի լինի: Միաժամանակ հարկ է համոզվել, որ մենք ժամանակ չենք կորցնում, առաջ ենք գնում այնտեղ, որտեղ դա հնարավոր է, եւ ջանասիրաբար աշխատում ենք: Նախորդ տարի՝ բանակցությունները վերսկսելուց հետո, մենք երկու փուլ անցկացրինք: Համաձայնեցվեց համաձայնագրի 99%-ը: Սկզբունքային տարաձայնություններ չեն մնացել, մենք պարզապես պետք է համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վերջին քայլն անելու միջոց գտնենք: Հույս ունեմ, որ համաձայնագրի տեքստը կհամաձայնեցվի այս տարի»:
ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելու նախաշեմին ընտրություններից առաջ համաներում հայտարարած Ալիեւը կարող է լրացուցիչ «բոնուսներ» ստանալ, ինչը կգնահատվի թե՛ ԵՄ-ի, թե՛ միջազգային այլ կառույցների կողմից, որոնք վերջին տարիներին անխնա քննադատել են Ալիեւի քաղաքականությունը Ադրբեջանում՝ ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների ոտնահարման:
Ամփոփումը՝ «Առավոտ»-ի փետրվարի 9-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 08.02.2018