Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզի անալիզ հանձնելուց առաջ, ամեն դեպքում, նախ՝ թեյ հանձնեք. լաբորատորիաներն անվերահսկելի են

Փետրվար 09,2018 15:30

Արյան կամ մեզի անալիզ հանձնելուց առաջ երեւի նախ պետք է թեյի գույն տանել լաբորատորիա կամ նույն արյունը տարբեր անձանց անվան տակ հանձնել ու արդեն պատասխանից հետո որոշել՝ վստահե՞լ տվյալ լաբորատորիային ու հանձնե՞լ իրական անալիզներ, թե՞ ոչ: Համենայնդեպս, Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայում հանձնված անալիզների աղմկահարույց պատասխաններից հետո զգուշանալ է պետք: Չի բացառվում, որ այլ լաբորատորիաներում էլ պատասխանները «նկարեն»:

«Իմ արյունը հանձնել եմ մի քանի մարդկանց արյան փոխարեն, ստացել եմ տարբեր պատասխաններ: Թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն եմ հանձնել, ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները եւ էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել: Տվել են մոտավորապես պիելոնեֆրիտով հիվանդ մարդու հետազոտությունների արդյունք»,- ահա այսպես է ստուգել Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը իր ղեկավարած հիվանդանոցի լաբորատորիայի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու բարեխղճությունը: Տնօրենն այս միջադեպը հանրայնացրել է, գրեթե բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձել են սրան: Միջադեպը հաստատ ավելի սրեց հանրության անվստահությունը թե՛ լաբորատորիաների, թե՛ բժիշկների եւ թե՛ ընդհանրապես առողջապահական տարբեր հիմնարկների նկատմամբ:

Քիչ չեն դեպքերը, երբ նույն անալիզը մարդիկ հանձնում են տարբեր լաբորատորիաներում ու ստանում իրարից միանգամայն տարբեր պատասխաններ:

30-ամյա հղի Արմինե Կարապետյանն «Առավոտին» ահազանգել է Մասիսի դեպքին տեղեկանալուց հետո: Արմինեն մեզ պատմեց, որ որպես հղի հաշվառվել է մայրաքաղաքի մի բժշկական կենտրոնում, չցանկացավ կենտրոնի անունը հրապարակենք, դեռ շարունակում է այնտեղ հաճախել: Արմինեն 1-ին անգամ երբ արյան անալիզ էր հանձնել այդ բուժկենտրոնի լաբորատորիայում, պատասխան էր ստացել՝ արյունը ռեզուս բացասական: Այս պատասխանի հիման վրա էլ բժիշկը բուժում էր նշանակել: Որոշ ժամանակ հետո Արմինեն կրկին արյան անալիզ է հանձնել, կրկին նույն լաբորատորիայում, այս անգամ պատասխանը ռեզուս դրական էր եկել:

«Եվ սա այն լաբորատորիան էր, որին իմ բժիշկը շատ վստահում է ու ուղղորդել էր ինձ հենց այդ լաբորատորիա գնալ: Հետո իմ արյունն ուղարկել էին արյունաբանական կենտրոն, այստեղ ստուգելուց հետո ասել էին՝ ռեզուս դրական: Երբ ես լաբորատորիայի աշխատակցին հարցրեցի, թե ինչո՞ւ են այդքան անփույթ աշխատում, պատասխանեց՝ մենք ի՞նչ մեղք ունենք, ընդամենը 3 շիճուկով ենք ստուգում, իսկ նրանք՝ 6»: Մեկ այլ քաղաքացի էլ մեզ, մինչ Մասիսի դեպքը, պատմել էր, որ իր բժիշկը կոնկրետ լաբորատորիա էր ուղարկել՝ վստահեցնելով, թե ամենալավն է. հենց այս լաբորատորիայում էլ նրա հանձնած արյան անալիզների հիման վրա պատասխանել էին, որ հեմոգլոբինը բարձր է, ու սկսել էին բուժումը թանկարժեք դեղերով: Այդ անալիզներից ընդամենը 2 օր հետո այս կինը 2 տարբեր լաբորատորիաներում էլ է արյան անալիզ հանձնել, ու պարզվել է՝ հեմոգլոբինը նորմայի սահմաններում է:

Ինչո՞ւ են տարբեր լաբորատորիաներ նույն անալիզի դեպքում տարբեր պատասխաններ տալիս, արդյոք այս ոլորտը բարձիթողի՞ է, եւ արդյոք վերահսկվո՞ւմ են լաբորատորիաները: Հանրային առողջության մասնագետ, բժիշկ Արսեն Թորոսյանը մեզ հետ զրույցում խնդրի վերաբերյալ ասաց. «Այդ լաբորատոր հետազոտությունների ժամանակ օգտագործվում են թանկարժեք նյութեր, որոնք պետք է լինեն որակյալ, ժամկետների մեջ եւ փչացած չլինեն: Լաբորատորիան այս նյութերի վրա չպետք է տնտեսումներ անի, գումար խնայի»: Թորոսյանը վստահեցրեց, որ այս ոլորտում կա մի լուրջ խնդիր. «Երբ ոլորտում մրցակցությունը մեծ է, եւ բոլորը գնում են գների դեմբինգի, ես, օրինակ, կարծում եմ, որ շատ լաբորատորիաներ հաճախ ոչ այնքան որակյալ, երբեմն էլ ժամկետանց ռեակտիվներ են օգտագործում: Տվյալների շեղումը հիմնականում այս խնդրի հետ է կապված:

Այլ բան չկա, չի կարող մի լաբորատորիայում նույն արյունը տվյալ ժամանակահատվածում վերցրած լինեն, ու հեմոգլոբինը 150 լինի, մյուսում՝ 90: Եթե նույն արյունն է, նշանակում է կա՛մ անալիզատորի, կա՛մ ռեակտիվատորի խնդիր կա: Այլ հարց է՝ արդյոք լաբորատորիան գիտի դրա մասին եւ միտումնավո՞ր է անում, որովհետեւ կարող է լաբորատորիան ինքնահոսի է թողել իրավիճակը, թեեւ սա էլ անփութություն է եւ հանցագործություն»:
Հանրապետությունում գործող բազմաթիվ լաբորատորիաների վերահսկողություն չի իրականացվում, ոլորտը թողնված է մասնագետների բարեխղճության վրա, իսկ նրանց բարեխղճությունից էլ կախված են մարդու առողջությունն ու ճիշտ բուժումը: Արսեն Թորոսյանն ասաց, որ պետական կարգավորիչ մարմնի դերը առողջապահության նախարարությանն է. «Պետք է լինի վերստուգիչ կամ վերադաս ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որն էլ կարող է ստուգել այլ լաբորատորիաների աշխատանքը, կամ նույն արյան անալիզը եւ վերստուգիչն անի, եւ այլ՝ սովորական լաբորատորիան, ու եթե խնդիր բացահայտվի, կարգավորվի այն, կամ պատասխանատվության ենթարկեն: Ժամանակին կարծես նման մի բան պիտի ստեղծեցին՝ ռեֆերենտ լաբորատորիա:

Հիմա անհայտ է դրա ճակատագիրը»:

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ ռեֆերենտ լաբորատորիան 4 տարի է գործում, այն մանրէաբանական հետազոտություններ է կատարում հանրային առողջության ոլորտում: Ինչ վերաբերում է վերստուգիչ լաբորատորիայի ծրագրին, նախարարությունից վստահեցրին, որ առաջիկայում դրա մանրամասները կտրամադրեն մեզ, բայց ներկայումս նման վերահսկողություն իրականացնող լաբորատորիա չկա:
Սոցիալական ցանցերում կարծիք է հնչել, որ առողջապահության լաբորատոր ոլորտում հավատարմագրման ոչ պարտադիր լինելն է բերում նման խնդիրների:

Այս առնչությամբ էլ նախարարությունից մեզ վստահեցրին, որ ՀՀ-ում հավատարմագրում չի իրականացվում, լիցենզավորում են անում, իսկ լիցենզիա տրամադրելուց առաջ տվյալ բուժհիմնարկը պետք է համապատասխանի պարտադիր պահանջնեին:
Եվ քանի դեռ չկա լաբորատորիաների խիստ ու անհրաժեշտ վերահսկողություն, մնում է քաղաքացիները թեյով ստուգեն տվյալ լաբորատորիայի արհեստավարժության մակարդակը:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

08.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Քանի մեր առողջապահության ոլորտը ղեկավարում է այնպիսի նախարար, ում չի հետաքրքրում կադրերի որակը, այլ միայն ֆինանսական մասն է հետաքրքիր, քանի կոմպետենտ կադրերը առանց աշխատանքի են, իսկ ինքը ընտրում է նոր ,,հանճարներ,, ովքեր ինտենսիվորեն քանդում եմ հինը՝ անկախ նրանից այդ հինը լավն է թե վատը,այս առողջապահությունը գնալով դառնալու է ավելի անվստահելի: Խեղճ հիվանդներ……

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728