Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ

Փետրվար 09,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ չորրորդ

ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ

Եվ Հրանտը միանգամայն լուրջ ասաց՝ «մեր էդ չարաբաստիկ ֆիլմում Շերենցը բոլորիցդ լավ էր խաղում» եւ Փելեշյանին նայելով ավելացրեց՝ «Փելեշին չհաշված», եւ Փելեշյանն ասաց՝ «ես դերասան չեմ», եւ Հրանտը Փելեշյանին ասաց՝ «դերասան չես, դրա համար էլ անցորդները քեզ չեն ճանաչում», եւ Փելեշյանը Հրանտին ասաց՝ «մի ժամանակ էդ ֆիլմդ չէիր հավանում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ իմ ֆիլմը չի», եւ Փելեշը Հրանտին հարցրեց՝ «կարող ա՞ իմն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մալյանինն ա», եւ Փելեշյանը Հրանտին ասաց՝ «մի ժամանակ Մալյանի էդ ֆիլմը չէիր հավանում», եւ Ֆրունզիկը Հրանտին ասաց՝ «հետաքրքիր մարդ ես, Հրանտ», եւ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ինչո՞վ եմ հետաքրքիր», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «էդ ֆիլմում բոլորիս խաղը հավանել ես, բայց ընդհանուր ֆիլմը չես հավանում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կամաց-կամաց սկսել եմ հավանել», եւ Փելեշն ասաց՝ «էդ ֆիլմի պատճառով արդեն տասը տարուց ավել ա՝ Հրանտն ու Մալյանը խռով են» եւ մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «կարող ա՞ սուտ եմ ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «կամաց-կամաց սկսել ենք բարիշել», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հավատում», եւ Տիգրան Մանսուրյանը, որ մինչ էդ լուռ էր, ժպտալով Փելեշյանին ասաց՝ «ես էլ չէի հավատում, բայց էսօր աչքովս տեսա», եւ Փելեշյանը Տիգրանին հարցրեց՝ «աչքովդ ի՞նչ տեսար», եւ Տիգրանն ասաց՝ «համագումարի ընդմիջման ժամանակ Հրանտն ու Մալյանը շատ ջերմ զրուցում էին», եւ Փելեշը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկ ա՝ չեմ հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ բարիշել են, բա ինչի՞ Հենրիկը հետներս ռեստորան չեկավ», եւ Աղասի Այվազյանն ասաց՝ «Հենրիկը «Մոսֆիլմում» ինչ-որ պայմանավորվածություն ուներ», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր էս հանդիպումը հազար հատ պայմանավորվածություն արժի», եւ Տիգրան Մանսուրյանը, որ էդ օրը շատ քիչ էր խոսում, Փելեշյանի խոսքի վրա ասաց՝ «Արթուրը ճիշտ է ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վաղուց էսպես իրար գլխի չէինք հավաքվել», եւ Ֆրունզիկն ասաց՝ «էսօր իմ համար իսկական տոն ա», եւ Հրանտը փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «պարզ ա, որ էսօր քեզ համար տոն կլինի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ թվում ա՝ էսօր բոլորիս համար ա տոն», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսօր հատկապես Ֆրունզիկ Մկրտչյանի համար ա տոն», եւ Ֆրունզիկը Հրանտին զարմացած հարցրեց՝ «ինչի՞ հատկապես Ֆրունզիկ Մկրտչյանի համար», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էսօր ամբողջ Մոսկվան Ֆրունզիկ Մկրտչյանին ճանաչեց», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ձեռ ես առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրավունք ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ մեծ գրող ես», եւ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ մեծ գրող եմ», եւ Ֆրունզիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Հենրիկ Մալյանը»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728