«Մենք ռեյտինգային ցուցակների վերանայման անհրաժեշտություն չենք տեսնում»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ՝ ռեյտինգային ընտրակարգը վերանայելու վերաբերյալ արած հայտարարությանը:
Ըստ նրա՝ կոալիցիոն գործընկեր չի նշանակում բոլոր հարցերում նույն կարծիքն ունենալ. «Մենք հարգանքով ենք վերաբերում ե՛ւ «Ելքի», ե՛ւ «Ծառուկյան» դաշինքի եւ մեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի քաղաքական բոլոր կարծիքներին: Բայց կարող եմ ասել, որ տարածքային, ռեյտինգային ցուցակներն իրենց արդարացրել են եւ մեր նպատակը ժողովրդավարական, համամասնական ընտրության իրականացումն է»:
ՀՀԿ խոսնակի համար զարմանալի է՝ կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք նշում են, որ ռեյտինգային ընտրությունները քաղաքական չէին. «Բա որ քաղաքական չէին, ո՞նց են հայտնվել խորհրդարանում…այս համակարգն իրեն արդարացնում է, հնարավորություն է տալիս՝ ա) ընտրել կուսակցությանը, որը համամասնական է, տարածքներից ունենալ պատգամավորներ, ժողովրդին հնարավորություն է տալիս ընտրել՝ այս կամ այն կուսակցության թեկնածուներից ով է իր խնդիրները բարձրացնողը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ