Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր Վան Դամի շպագատը լիմիտավորված է, քանի որ Հայաստանի ոտքերն այդքան երկար չեն». Ռուբեն Մեհրաբյան

Փետրվար 08,2018 20:50

«Ասել, որ կան չլուծված քաղաքական խնդիրներ և Ռուսաստանի շուրջ ցանկապատ կառուցել, սխալ կլինի»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (ՖԷՀ) կազմակերպած՝ «ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները և հնարավորությունները» խորագրով սեմինարի ընթացքում հայտարարեց Ֆրիդրիխ Էբերտ hիմնադրամի Եվրոպայում համագործակցության և խաղաղության տարածքային գրասենյակի (Վիեննա) հետազոտող Ալեքսանդրա Վասիլևան:

Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը հարց բարձրացրեց՝ արդյոք այն պնդումները, թե պետք է սկսել ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական համագործակցությունը չե՞ն նշանակում, որ եկեք տնտեսական դաշտում համագործակցենք, հետո լուծենք Ղրիմի անեքսիայի հարցը: Ալեքսանդրա Վասիլևան արձագանքեց՝ ԵԱՏՄ-ն միայն Ռուսաստանը չէ և նրա կազմում գտնվող երկրների հետ նաև պետք է փոքր քայլերով սկսել համագործակցությունը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ թերահավատ է. «Երբ ՀՀ-ն դիտարկվում է՝ որպես ԵՄ և ԵԱՏՄ միջև կամուրջ, ես թերահավատորեն եմ մոտենում այդ դիտարկումներին: Դա իշխող ուժերի քարոզչական ձևակերպումն է»:

Պարոն Մելիքյանը հարց բարձրացրեց՝ արդյոք ԵՄ-ն կարո՞ղ է աչք փակել Ուկրաինայի խնդրի վրա և անցնել տնտեսական համագործակցության:

Փորձագետն արձագանքեց՝ նորից եմ կրկնում, մեզ պետք է սկսել փոքր քայլերից, որպեսզի փոխվստահություն ձեռք բերենք և փորձենք տնտեսական խնդիրներ լուծել. «Այստեղ չեմ ուզում անդրադառնալ Ուկրաինայի հարցին կամ Արևմուտք-ՌԴ հարաբերություններին:  Այստեղ պետք է խոսել ոչ միայն Ռուսաստանի, այլև այն երկրների մասին, որոնք ԵԱՏՄ մաս են կամում և ինչ-որ առումով տուժում են ՌԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն, անդրադառնալով ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարներին, ասաց. «ԵՄ-ՌԴ հարաբերությունների զարգացման խթան կարող է դառնալ Հյուսիսային հոսք 2-ը, որը չնայած բոլոր արտաքին խոչընդոտների, որոնք ՌԴ- Գերմանիա ձևաչափից դուրս են, կայանալու է»:

Պարոն Շահնազարյանը չբացառեց նաև այն, որ դրանից հետո կարող է թուլանան ԵՄ-ի կողմից ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը մի շարք խոչընդոտներ է տեսնում ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման դաշտում. «ԵԱՏՄ-ում բացակայում է ներքին ժողովրդավարությունը, տեսլականը, կան կայացման, ինստիտուցիոնալ խնդիրներ կան: Հիմա մենք ավելի շատ խոսում ենք բիզնես լոբբիի տեսանկյունից, թե ուզում ենք համագործակցություն լինի, քան այն տեսանկյունից՝ բայց արդյոք դա հնարավո՞ր է»:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը չի հավատում, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը և Եվրահանձնաժողովը թույլ կտա իր բնորոշմամբ՝ այդ հակաեվրոպական և խայտառակ նախագիծը, որը կոչվում է Հյուսիսային հոսք 2, կառուցվի: Դառնալով ԵԱՏՄ-ՀՀ համագործակցությանը՝ Ռուբեն Մեհրաբյանն այն որակեց թրաֆիքինգ. «Ռուսաստանը ՀՀ-ում չի կարող պրոբլեմներ լուծել, բայց կարող է նաև ճակատագրական պրոբլեմներ ստեղծել»:

Ըստ պարոն Մեհրաբյանի՝ կարևոր է, որ ՀՀ-ն մաս չդառնա ՌԴ-ի՝ աշխարհակարգին հայտարարած պատերազմին:  Դառնալով ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապող օղակ լինելու մասին պնդումներին՝ պարոն Մեհրաբյանը պատկերավոր ասաց. «Մեր այդ Վան Դամի շպագատը լիմիտավորված է, քանի որ Հայաստանի ոտքերն այդքան երկար չեն»:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արմեն Վարդանյանը ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը դիտարկեց պաշտոնական Բրյուսելի և Մոսկվայի պատուհաններից. «ԵԱՏՄ-ի համար ձեռնտու է ԵՄ-ի հետ համագործակցությունը, քանի որ ԵՄ-ն աշխարհի ամենահարուստ շուկան է, ՀՆԱ-ն մի քանի անգամ գերազանցում է ԵԱՏՄ ՀՆԱ-ին և, բնականաբար, համագործակցությունը ԵՄ-ի հետ բոլորից նպաստավորն է: Բրյուսելի պատուհանից այստեղ գլխավոր խնդիրն Ուկրաինայի հարցն է: Այդ կոնֆլիկտը սկսվեց Ուկրաինայի խնդրից, ու քանի դեռ Ուկրաինայի խնդիրը չի լուծվել, ԵՄ-ն չի գնալու այդ պատժամիջոցների հանման ճանապարհով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728