ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդիին (նստավայրը՝ Վարշավա):
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:
ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նշել է, որ Հայաստան-Մալթա բարեկամական խմբի գործունեությունը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ երկխոսությանն ու արդյունավետ փոխգործակցությանը:
Նա նաեւ անհրաժեշտ է համարել փոխշահավետ շփումները խորհրդարանական տարբեր հարթակներում:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ համարելով այն եւս մեկ կարեւոր քայլ դեպի Եվրոպա: Այս համատեքստում Արա Բաբլոյանը նշել է. «Մենք ուրախ ենք, որ Մալթան, լինելով փոքր երկիր, իր ուրույն տեղն ունի մեծ Եվրոպայում, եւ դա մեզ քաջալերում է, որովհետեւ Հայաստանը եւս լինելով փոքր երկիր՝ փորձում է Եվրոպայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության կամուրջ դառնալ»:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ նախագահն ասել է. «Անկախ բոլոր դժվարություններից ու հարեւան երկրների որդեգրած ամբողջատիրական ձգտումներից՝ Հայաստանի ռազմավարությունը տարբերվում է նրանով, որ իր հիմնական զենքը ժողովրդավարությունն է: Վստահ եմ, որ Հայաստանն իրավունք ունի լինելու ժողովրդավարության եւ խաղաղության օրրան հանդիսացող ընտանիքի անդամ»:
Նատաշա Մելի Դոդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մալթա-Հայաստան միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացմանը: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու երկրների խորհրդարանների միջեւ կհաստատվեն գործընկերային կապեր, կակտիվանան տարբեր մակարդակների փոխայցելություններն ու շփումները:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը, հաջողություն մաղթելով դեսպանին առաքելության իրականացման ընթացքում, նշել է, որ ամենայնս կաջակցի երկկողմ շփումների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
ՀՀ Ազգային ժողով