Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար»

Փետրվար 08,2018 19:35

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ըստ ոլորտների ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2018թ. նախատեսված ծրագրերը:

Նախորդ տարի Կենտրոն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել  բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ ամենօրյա համագործակցությունն է եղել նաև կենսապահովման ոլորտի գործընկեր կառույցների հետ, ինչի արդյունքում աշխատանքներ են տարվել ջրատար նոր համակարգերի կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում մալուխների կարգաբերման ու մի շարք այլ ուղղություններով: Ծավալուն աշխատանքներ են տարվել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կարապի լճի հարակից տարածքների բարեկարգման շրջանակում: Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Արա Սադոյանը նշել է, որ, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, հետևողական քայլեր կձեռնարկվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

«Պարոն քաղաքապետ, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է նախորդ տարվա համեմատ հետևողականորեն ընդլայնել կատարվող ծրագրերի ծավալներն ու շրջանակները, ինչը որպես հստակ աշխատակարգ մշտապես առաջադրվում է Ձեր կողմից: Ամենօրյա աշխատանքներ կտարվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու ուղղությամբ: Վարչական շրջանում ներդրումային ծրագրերի մասով այսօր ակտիվ աշխատանքներ են տարվում հյուրանոցային համալիրների կառուցման ուղղությամբ: Այս տարի վերակառուցումից հետո մասնավորի կողմից շահագործման կհանձնվի նաև երկու բարեկարգ ու հարմարավետ զբոսայգի, որն  անչափ սպասված ծրագիր էր մեր բնակիչների համար», – նշել է Արա Սադոյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդիրը:

«Վերջին տարիներին մենք հետևողական աշխատանքներ ենք իրականացնում Երևանի կենտրոնը ավտոտրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով: Ճանապարհաշինական խոշոր ծրագրերին զուգահեռ՝ այսօր արդեն տարբերակներ ենք քննարկում նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման ու Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ որոշ փողոցներում երթևեկության կազմակերպման հարցում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ճիշտ լուծումների արդյունքում մենք զգալիորեն կնվազեցնենք այն անհարմարավետությունը, որն այսօր առկա է մայրաքաղաքի կենտրոնում»,  – ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով կանաչ տարածքների ընդլայնմանն ու խնամքին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել այս հարցը:

«Մենք պետք է տարեցտարի կրկնապատկենք աշխատանքները կանաչ գոտիների ընդլայնման ու պատշաճ խնամքի ուղղությամբ: Կենտրոն վարչական շրջանը մայրաքաղաքի դեմքն է, ու ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ շատ անելիքներ ունեն: Բոլոր գործիքները տրված են, որ անբարեխիղճ տնտեսվարողին կամ վարձակալին ստիպեք պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, հարկավոր է կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նոր մոտեցումներ, կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում: Այս հարցում անհրաժեշտ է ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք: Համոզված եմ, որ մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու և Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար», – նշել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների ստեղծմանը՝ ընդգծելով, որ Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ հենց քաղաքի բնակիչների համար։

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728