Փետրվարի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ս. Վարդանանց զորավարների տոնին նվիրված հանդիսություն, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների սաներ:
Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Ճեմարանի տեսուչը գոհունակությամբ արձանագրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ավանդույթ են դարձել Երևանի պետական համալսարանի ուսանողների և հոգևոր ճեմարանի սաների համատեղ ջանքերով Վարդանանց տոնին կազմակերպվող հանդիսությունները:
Անդրադառնալով օրվա խորհրդին Հայր Սուրբն ի մասնավորի նշեց. «Տոնական այս օրը մեզ, մեծ պատերազմում ընկած Սուրբ Վարդանին և նրա քաջարի զինակիցներին, մեր կյանքում վերարժևորելու հնարավորություն է ընծայում: Հերոսական անցյալն ու պատմությունը մեր մեջ, որպես հավելյալ երկրորդ սիրտ բաբախելու միջոցով մեզ տալիս է հնարավորություն ինքնավստահ ու փորձառու դեմ հանդիման կանգնել մերօրյա բազմադեմ մարտահրավերներին ու գայթակղություններին: Այո՛, գայթակղությունը մեծ էր ուրանալու հայրենիքը, հավատքը, Քրիստոսին ու նվաստացյալ, բայցև բարեկեց կյանք ունենալ օտարի անտանելի լծի տակ: Սակայն Վարդանանք ընտրեցին պահել իրենցը, իրենց դիմագիծն ու հայրենիքը, թեև փոքր ածու, բայց լի աստվածատուր այն բնորոշիչներով, որոնց համար հարյուր տարի առաջ հայ ազգը կրկին պայքարեց ու հաղթեց: Շուրջ երեսուն տարի առաջ պայքարեց ու հայրենատեր դարձավ դարեր ի վեր հայոց եկեղեցիների ու վանքերի ղողանջով սրբված պատմական Խաչեն գավառին` հայոց Արցախ աշխարհին: ….Խիզախությունը ոչ թէ վախի բացակայությունն է, այլ հաղթանակը դրա հանդեպ, ինչպես ապրիլը մեզ ամենքիս ի ցույց դրեց հայորդյաց ոգու օրինակով:
Հիրավի, որպես ժառանգներ խնկելի քաջերի, այսօր մեզ մնում է լինել այնքան քաջ, որ երբեք ամեն բան օտար նորարարի ու ժամանակակիցի կեղծ լույսի ներքո չառնի հայի դարավոր փորձառությամբ և իմաստությամբ մեզ ավանդված արժեքների տեղը»:
Վերջում Հայր Սուրբը ճեմարանի տեսչական, դասախոսական, ուսանողության և ներկաների անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության ուրախալի օրվա առիթով՝ մաղթելով քաջառողջ կյանքի բյուրավոր օրեր` անսասանորեն հովվելու համայն հայոց ազգը:
Հանդիսության մասնակիցներին ողջունեց նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, տ. գ. թ. Ռուբեն Մարկոսյանը:
«Վարդանանց պատերազմում սուրբ նահատակների արյան գնով ձեռք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խորհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային, կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը: Վարդանանց տոնը, հիրավի, հայրենասիրության և ոգու առկայության դրսևորում է: Ոգեկոչելով, արժևորելով մեր հերոսների սխրանքը՝ փորձում ենք այն օրինակ դարձնել նոր սերնդի համար, որն ապրում է նոր կյանքով, նոր նպատակով, նոր տեսիլքով և նոր հեռանկարներով: Մեր համալսարանում և, վստահ եմ, Հայաստանի գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում այսօր ունենք նոր Վարդաններ»,- ասաց պրն. Մարկոսյանը՝ հավելելով, որ ազգ-բանակ հայեցակարգի համատեքստում համալսարանների կամարներից ներքո իրականացվում են հայրենաճանաչողական, հոգևոր և ռազմահայրենասիրական տարբեր ծրագրեր:
Այնուհետև Ս. Վարդանանց սխրանքի մասին բանախոսություն կարդաց Երևանի պետական համալսարանի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, դասախոս պ. գ. դ., պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը:
Ցերեկույթի ընթացքում Վարդանանց խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով և ասմունքով ելույթ ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները:
Ավարտին իր պատգամն ու օրհնությունը ներկաներին բերեց Մայր Աթոռի Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Սրբազան Հայրը, շնորհակալություն հայտնելով ներկաներին և միջոցառման աջակիցներին, նշեց, որ Երևանի պետական համալսարանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի միջև ձևավորված այս գեղեցիկ ավանդությունը, ձևավորվելով իր պաշտոնավարման սկզբում, շարունակվում է առ այսօր: «Իմ խորին համոզմամբ հայի քրիստոնեական ինքնությունը հիմնված է երեք պատմական իրադարձությունների վրա. դրանք են Հայոց դարձը, Գրերի գյուտը և Վարդանանց հերոսամարտը:
Պատմությունը ցույց է տվել, որ սրանք շարունակվող իրադարձություններ են մեր կյանքում, և այս իրադարձությունների համագումարից է ծնվել ազատության, սեփական «ես»-ի համար պայքարի ոգին: Եվ մեր պարտականություն է` վառ պահել այդ պայքարի ոգին մեր մեջ և փոխանցել հաջորդող սերունդներին»,- նշեց Գևորգ Սրբազանը:
Հանդիսությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ