Այսօր ԱԺ-ում «Աջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ եթե այս սահմանափակումը մտցնում են անվտանգությունից ելնելով՝ կարող են ավտոմեքենայի ձախ հայելու վրա տեսախցիկ տեղադրել եւ ավելի մեծ տեսանելիություն ունենալ, քան ձախ ղեկով մեքենայի վարորդն ունի. «Աջակողմյան ղեկով մեքենաները 10 տարով ավելի թարմ են, քան ձախակողմյան ղեկով մեքենաները: Եթե Ճապոնիայից են ներկրում, այն 5 անգամ ավելի անվտանգ են, քան Գերմանիայից ներմուծված արդեն ֆիզիկապես մաշված մեքենաները»:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը պատասխանեց, որ Ճապոնիայում մեքենաները արժեք չունեն, քանի որ լինելով մեքենա արտադրող երկիր, հին մեքենաները արագ դուրս են հանում երկրից: Այդ մեքենաների մեծ մասը ներկրում են ձախակողմյան երթեւեկություն ունեցող երկրները, մի մասն էլ մեր նման երկրները:
Ըստ Զեյնալյանի, Ճապոնիայից ներմուծվածները էկոլոգիայի համար շատ ավելի մաքուր են, ավելի թարմ են: Եթե ձախ հայելու վրա տեսախցիկ տեղադրի, կամ հայելային համակարգ դնի, որ աջ կողմում նստած՝ ավելի մեծ տեսանելիություն ունենա, կարո՞ղ են երթեւեկել: Գրիգորյանը պատասխանեց, որ եթե արդեն ներմուծել են, խնդիր չկա, թող մարդն իր համար ավելի լավ պայմաններ ստեղծի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հարցրեց՝ եթե անվտանգության համար եք այս օրենքը բերել, ինչո՞ւ շահագործումը չի արգելվում, միայն ներկրումն են արգելում: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ մեր ճանապարհային նշանները աջակողմյան երթեւեկության համար են, ուշ թե շուտ պետք է այս օրենքը ընդունենք:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասաց, որ բարեկամներ, ծանոթներ ունի, որոնք աջ ղեկով մեքենաներ են գնել, որովհետեւ մատչելի է, հարմար է, բայց ունի նաեւ ծանոթներ, որոնք երդվել են երբեւէ չնստել աջակողմյան ղեկով մեքենաներ եւ չեն նստում. «Ինքս նույնպես չեմ նստում, չեմ օգտվում այդպիսի մեքենաներից, որովհետեւ սարսափելի վտանգավոր է ինձ համար»:
Ըստ Մարգարիտ Եսայանի, պետք է հետ գնալ եւ մի քանիսի պատժել՝ ի սկզբանե սխալ թույլ տալու եւ մեր երթեւեկությամբ երկրում աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլ տալու համար, որովհետեւ չի կարելի անընդհատ սխալ անել ու փորձել օրենքով հետո ուղղել: Նա ասաց, որ կողմ է այս օրենքի նախագծին: Բոլոր այն քաղաքացիները, որ ժամանակին աջ ղեկով մեքենաներ են ձեռք բերել, հիմիկվանից պետք է գումար կուտակեն եւ ղեկը փոխեն, պետք է հասկանալ, որ այս պահին շատ ավելի գլոբալ խնդիր է լուծվում այս օրենքով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ասեմ, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների վարորդների ուղեղն ավելի ճկուն է, քանի որ նրանք և՝ աջ և՝ ձախ վարելու դեպքում տա րբերություն չեն տեսնում, խնդիր չեն ունենում, այսպիսով մարդու կարողություններն են թերարժևորում: Ցավոք, ունենք այնպիսի պատգամավորներ, ովքեր կարևոր հարցերը մի կողմ են դրել և կենտրոնացել աջ ղեկի վրա: