Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ծանր բառը այդքան անզգուշությամբ մի օգտագործեք, դրա տակից դուրս գալ է պետք». Կամո Արեյանը՝ վանդալիզմի մասին

Փետրվար 08,2018 17:49

Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին հանձնվել էր Վարդանյաններ հիմնադրամին, որպեսզի բարեկարգեին: Իրենք բարեկարգման տակ նաեւ ծառահատում իրականացրեցին, քաղաքապետարանը թույլատրե՞լ էր իրենց ծառահատում անել: Այսօր լրագրողների այս հարցին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատասխանեց. «Այդ նախագիծն ամբողջությամբ անցել է սահմանված ընթացակարգը, հավանության է արժանացել Երեւանի ավագանու կողմից: Իրենք այգու կառուցման ժամանակակից նախագծով գեղեցիկ միջավայր են կառուցում Երեւանի համար: Անցել են բոլոր փուլերը, բարեկարգման, վերակառուցման աշխատանքների ծավալների մեջ մասնագիտական եզրակացությամբ եղել է, որ որոշակի ծառեր պետք է փոխարինվեն նորերով, որովհետեւ դրանք իրենց գոյությամբ, իրենց տեսակով այլեւս ծերացած էին, ծառատեսակներ էին, որոնք նույնիսկ անհամատեղելի էին կողքի մշտադալարների հետ: Այգին կհամալրվի նոր ծառատեսակներով՝ ավելի գեղեցիկ, ավելի փարթամ»:

Նա ասաց, որ իր համար բարոյապես ցավ է՝ որպես երեւանցի, Երեւանի ավագանու անդամ այն որակավորումները, որ այս օրերին տրվեցին: Դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանն ասում էր՝ հանցագործություն է տեղի ունեցել՝ Կամո Արեյանն արձագանքեց. «Անթույլատրելի մի արտահայտություն՝ նման օրինակի նկատմամբ: Հակառակը: Ես, որպես հայ մարդ, քաղաքացի, Երեւանի պատասխանատու ավագանու անդամ պիտի ասեմ՝ թող Աստված օրհնի Հրանտ Վարդանյանի՝ գործարար, բարերար մարդու հիշատակն ու գործը: Թող մարդիկ ողջամիտ լինեն, ուղղակի շնորհակալ լինեն նրա որդիներին՝ իրենց հոր գործը շարունակելու համար: Սա բարձրագույն նվեր է Երեւան քաղաքին: Մարդիկ անհատույց, անշահախնդիր մի քանի մլն դոլարի ներդրում են արել ու չեն ակնկալում որեւէ կոմերցիոն շահույթ»:

Հարցին, որ Տարոն Մարգարյանը ծառահատումը «վանդալիզմություն» էր որակել, սա հիմա վանդալիզմ չէ՞՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Այդ ծանր բառը այդքան անզգուշությամբ մի օգտագործեք, դրա տակից դուրս գալ է պետք, հարգելիս: Տարոն Մարգարյանը դա օգտագործել է այլ դեպքում, երբ իսկապես եղել է օրինախախտում, հանցագործություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728