Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ, Ադրբեջանում արտահերթ ընտրությունների օրվա փոփոխությունը որոշ հարցեր է առաջացրել: Հայրապետյանն այսօր «Տեսակետ» ակումբում ընտրությունների օրվա փոփոխությունը պայմանավորեց երկրում ստեղծված ներքին խնդիրներով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 11-ին, մինչ այդ նախատեսված հոկտեմբերի 17-ի փոխարեն: Իշխող կուսակցությունից կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը խոսում են տնտեսական իրավիճակի մասին, նավթի գները հարաբերականորեն կայունանում են, ինչը անդրադառնում է ադրբեջանական տնտեսության վրա, սակայն բանկային ոլորտում խնդիրներ կան, վերջերս էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկի պետությանը պատկանող բաժնետոմսերը հանվում են վաճառքի և Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկն է բանակցում դրանց ձեռքբերման համար: Հնարավոր է՝ Ալիևը գնար նման քայլի, որ խուսափեր այս խնդիրների վրա ուշադրություն գրավելուց»,- ասաց ադրբեջանագետը:
Ըստ բանախոսի՝ որոշ ընդդիմադիր ուժեր բոյկոտել են ընտրությունները՝ հայտարարելով, որ չեն մասնակցի, քանի որ ինքը՝ Ալիևը որևէ լուրջ փաստարկ չի բերել արտահերթ ընտրությունների անցկացման համար:
Ադրբեջանագետի խոսքով, նախընտրական փուլում արդեն իսկ որոշ լրատվամիջոցների գործունեություն դադարեցվել է. «Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ լուրջ խոչընդոտ են սոցիալական ցանցերը: Ներկայումս ընդդիմադիր «Ազատություն» ռադիոկայանը, ռադիոկայանի կայքը և Մեյդան Թի-Վի-ն արգելափակված են, և սոցիալական ցանցերի միջոցով են ակտիվիստերը փորձում հասարակության ներսում դժգոհություն առաջ բերել»:
Անդրադառնալով Ալիևի վատառողջ լինելու մասին լուրերին՝ բանախոսը կարծիք հայտնեց՝ նման բան չկա, և դեռ առնվազն յոթ տարի կա, մինչև Ալիևյան կլանը կփոխվի Մեհրիբան Ալիևա-Փաշաևա նախագահող կլանով:
Ինչ վերաբերում է երեկ համանախագահների այցին Ադրբեջան եւ դրան հաջորդած Ադրբեջանի ԱԳ մամլո խոսնակի հայտարարությանը, թե բանակցություններն ակտիվացնելու որոշում կա, դրանք ինտենսիվորեն շարունակել Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, ադրբեջանագետը շարունակեց. «Այսօր, ցավոք, պարզ դարձավ սահմանին միջադեպի մասին, որի արդյունքում զոհ ունենք, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ համանախագահները տարածաշրջանում են և խաղաղության կոչեր են անում, Ադրբեջանը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ