Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց թույլտվության հրավառություն անելու համար կտուգանվեն նվազագույնը 1 մլն դրամով

Փետրվար 08,2018 16:50

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում են, որ ավագանին հատուկ նշանակության հրավառությունների համար կոնկրետ վայր, թույլատրվող պահանջներ սահմանի եւ տուգանի նաեւ խախտողներին: Համայնքի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետն էլ իրավունք է ստանում հատուկ նշանակության հրավառություն անելու թույլտվություն տալ իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց:

Առանց թույլտվության եւ սահմանված կարգի խախտման դեպքում հրավառություն անելու համար տուգանք է նշանակվում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 2000-ապատիկի չափով: Տուգանքներ կան նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում աշխատողների համար:

Կամո Արեյանն ասաց, որ կարող են հրավառության թույլտվություն ստանալ ողջ տարվա համար: Դա կարող է ստանալ կազմակերպությունը, որը հրավառության ծառայություն է մատուցում, կամ ինչ-որ ռեստորան: Տարեկան տուրք է վճարում ու ձեռք բերում իրավունքը:

ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը հարցրեց՝ եթե չունի լիցենզիա եւ հրավառություն է անում ռեստորանը, ո՞վ պետք է վերահսկի: Կամո Արեյանը պատասխանեց, որ ոստիկանությունը, համայնքի ղեկավարը, իր անձնակազմով, նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Եթե մի անգամ խախտում արեց ռեստորանը, նախատեսվում է նախազգուշացում, հետո՝ կասեցում, լիցենզիայից զրկում:

Լռության խախտում անելու համար գիշերային ժամերին ոստիկանությունը կարող է տուգանք կիրառել՝ 100 հազար դրամով, երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 200 հազար դրամ:

Միհրան Հակոբյանը հարցրեց՝ իրավաբանական անձանց հնարավոր է վերահսկել, բա ֆիզիկական անձանց ո՞վ է տուգանելու, երեխա են ունենում, գիշերվա ժամը 4-ին քեֆ-ուրախություն, հրավառություն են կազմակերպում, գնում են հրավառության միջոցներ ու սկսում պայթեցնել:

Կամո Արեյանը պատասխանեց, որ այս օրենքը դա էլ է կարգավորում: Խոսքը տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների մասին է, որը կարող է իրականացնել միայն հատուկ հմտություններ ունեցող իրավաբանական անձը, ֆիզիկական անձը չի կարող նման հմտություն ունենալ: Կենցաղային նշանակության հրավառությունների համար էլ կառավարությունը չափորոշիչներ է սահմանելու, որոնց վերաբերյալ դարձյալ կընդունվեն նորմատիվ ակտեր՝ կառավարության եւ ավագանու որոշմամբ:

Արեյանն ասաց, որ հրավառությունների տեղերը սահմանելով՝ սահմանափակումներ են մտցնելու՝ հաշվի առնելով՝ ներբակային միջավայր է, մշակութային օբյեկտ է, մետրոպոլիտեն եւ այլն:

«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց. «Հրավառությունները իսկական չարիքի են վերածվել մարդկանց համար: Մարդկանց իրավունքը խախտվում է, անդորրը՝ խաթարվում, մարդկանց երեխաները վեր են թռնում քնից, ինչ է թե մի հարեւան որոշել է հրավառություն անի: Խնդիրը շատ մեծ է, իսկ լուծման առաջարկվող մեխանիզմը՝ անիմաստ: Խնդիրը եթե տանկ է, մեր ձեռքինը ռագատկա է: Այս մեխանիզմով օրենքը չի կարգավորվելու: Հրավառությունը տեւում է վայրկյաններ, հրավառության ժամանակ մարդը չի հասկանում սկի որտեղից է, ուր մնաց զանգի ոստիկանություն: Ոստիկանությունը ինչքան արագ պիտի գնա, որ բռնի ու տուրք սահմանի: Ժողովուրդ ջան, այս հրավառությունները պետք է կամ առհասարակ արգելել, թողնել պետության մենաշնորհը՝ տոների ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728