Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացին պնդում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր տարածքում է ալեհավաք տեղադրել, իսկ դրա դիմաց տրամադրվող գումարը ստանում է գյուղապետը

Փետրվար 08,2018 16:40

Արտիկ Աղաջանյանը Լոռու մարզի Եղեգնուտ համայնքից է: Ասում է ընտանիքը պահելու համար զբաղվում են անասնապահությամբ, ինքն էլ երկար տարիներ բռնած է եղել արտագաղթի ճանապարհը: Սակայն վերջին մի քանի տարին այլեւս չի գնում՝ առողջական խնդիրներ ունի: Արտիկը գյուղում նաեւ հողատարածք ունի, որտեղ նրա խոսքով արդեն 9 տարի է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղադրել է ալեհավաք: Արտիկի խոսքով, համայնքի ղեկավարը պնդում է, որ նշված ալեհավաքը տեղադրված է համայնքային հողի վրա: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարեկան մոտ 400, 000 դրամ է փոխանցում համայնքին:

-Ես գնացել եմ գյուղապետարան, ինձ պատասխանել են, որ ՎիվաՍելը եկել ա, էդ տարածքը ընտրել, մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Ես պարոն Յիրիկյանին էլ եմ նամակ գրել, իրանք պատասխանել են, որ պայմանագիր ունեն կնքած գյուղապետի՝ Միշա Հովհաննիսյանի հետ, եւ ամեն ամիս գումար են վճարում: 9 տարի ա էդ վիշկեն դրված ա, բայց գյուղապետն ինձ անընդհատ ասել է, որ ոչ մի փող չկա: Էդ հողամասը ես օգտագործում եմ 1991 թվականից, դրա համար էլ պարտաճանաչ հարկերը մուծում եմ, բայց էդ փողն ուրիշն ա ստանում,- սրտնեղում է Արտիկը:

Վերջինս այսօր քաղաքացիների ընդունելության ժամանակ իրավիճակը ներկայացրեց նաեւ Լոռու մարզպետին, խնդրելով լուծում տալ հարցին:

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանի խոսքով թաղամասում քարտեզագրման սխալ կա. «Հավանաբար փաստացի չափագրում չեն արել, կաբինետային են արել չափագրումները, դրա համար էլ չի համապատասխանում իրական հողօգտագործմանը եւ վկայականին: Համայնքի ղեկավարն ասում է, որ մենք չափագրումներն արել ենք եւ վիշկեն տեղադրել ենք համայնքային հողի վրա: Մենք Արտիկի հետ միասին գնացինք Կադաստր: Իրենք էլ համոզվեցին, որ քարտեզը սխալ է գծված, բայց հիմք չեն ընդունում, որ այս վկայականի խոտհարքները պետք է լինի էս մարդունը: Ասում է, մենք չենք կարող քաղաքացու ասածը հիմք ընդունենք»:

Ծանոթանալով ստեղծված իրավիճակի հետ, Արթուր Նալբանդյանը նշեց, որ մարզի մի շարք համայնքներում նույնպես առկա է նմանօրինակ խնդիր. «Այսինքն, քարտեզով էս մարդու հողամասը, որ տանում տեղադրում եք, լրիվ ուրիշ տեղ է ընկնու՞մ, այն ինչ մենք ունենք մարզի մի քանի համայնքներում: Արտակ, հիմա, որ վիշկի խնդիրը չլիներ, հարցը հարթ գնալու էր, ոնց որ մնացած համայնքներում: Հիմա վիշկի խնդիրը կա, մարդն էլ զգում է, որ կարող է այդ ֆինանսական հնարավորություններից օգտվի… Մենք գյուղապետի հետ մեկ անգամ եւս կխոսենք: Բայց չեմ կարծում, որ դրանով կարողանանք այս հարցը կարգավորենք: Որովհետեւ մի 2 հողամասի չափագրման խնդիր չէ: Մի ամբողջ թաղամասի քարտեզագրման սխալ կա: Մենք գյուղապետին կհրավիրենք, եւ կփորձենք հասկանալ, ինքն առանց դատարան դիմելու ի վիճակի է խնդիրը լուծելու, թե ոչ: Եթե հանկարծ այդ ճանապարհով էլ չկարողացանք լուծել, միակ տարբերակը մնում է դատարանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728