Պետության տնտեսական կայունությունը և տնտեսական ապահովությունը պայմանավորված են տնտեսության կայուն աճով, մանր և միջին գործարարության զարգացմամբ, էներգետիկ անկախությամբ և գործարարության համար առավել ազատական պայմանների ստեղծմամբ:
Հայաստանում մասնավոր սեփականության հանդեպ հարգանքի, պաշտպանության և հավասար մրցակցային պայմանների բացակայությունը շահութաբեր ձեռնարկատիրական ծրագրեր իրականացնելու համար Հայաստանը դարձրել են ոչ բարենպաստ` ռիսկային երկիր: Մեր ազգի ձեռներեց և ստեղծագործական միտքը, չունենալով նպաստավոր պայմաններ արարելու և զարգանալու Հայաստանում, շարունակում է գաղթել երկրից, իսկ ազգի ձեռներեց և ստեղծագործ սփյուռքյան հատվածը զերծ է մնում իր կարողությունները Հայաստանում օգտագործելուց: Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը շարունակում է մնալ ռիսկային երկիր տնտեսական կայունության դիտանկյունից:
Հայաստանն իր կայուն տնտեսական առաջընթացի ապահովման գործում շարունակում է անտեսել.
-մրցակցային տնտեսական միջավայրի ստեղծումը,
-տնտեսության ստվերային մասի վերացումը,
-տնտեսության ճյուղերի մենաշնորհացման կանխումը,
-առկա մենաշնորհների վերացումը,
-բնական մենաշնորհների արդյունավետ կառավարումը և վերահսկումը,
-ներդրումների խթանման հեռանկարային ծրագրի իրագործումը,
-տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման համաչափությունը,
-տնտեսության կառուցվածքում գիտատար ճյուղերի ապահովումը,
-բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառման գերակայության ապահովումը,
-արտահանման խթանումը,
-էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանեցումը (դիվերսիֆիկացիան),
-հանրապետության տրանսպորտային համակարգը (երկաթգիծ, խողովակաշարեր, ավիաուղիներ, ավտոճանապարհներ)` տարածաշրջանային տարանցիկ ապրանքափոխադրումների համակարգում ներգրավումը,
-մաքուր շրջակա միջավայրի, բնական պաշարների պահպանությունը և օպտիմալ օգտագործման ապահովումը:
Վերը թվարկված չափանիշները (պարամետրերը) ժամանակակից զարգացած տնտեսությունների կարևոր բաղադրիչներն են: Տարիներ շարունակ այս չափանիշների (պարամետրերի) անտեսումը և այժմ նույն քաղաքականության իրականացումը հանգեցրել են հայ հասարակության բացարձակ բևեռացման.
-Հայաստանում ապրող քաղաքացիների շուրջ 90 տոկոսը չի կարող օգտվել սոցիալական արդարության պետական արդյունավետ երաշխիքներից,
-աղքատության մեջ գտնվող մարդկանց քանակը հասել է շուրջ մեկ միլիոնի,
-65 տարեկանից բարձր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կազմում են բնակչության 11 տոկոսից ավելին,
-մասնագիտական կրթության, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության մակարդակը դարձել է խիստ անբավարար:
Այս ամենի հետ մեկտեղ՝ պետության տնտեսական կառավարման խումբ կազմող ինստիտուտներում տիրում է անվերահսկելի ճգնաժամային իրավիճակ:
Ազատ շուկայական տնտեսության (սոցիալական շուկայի) բացակայությունը և ֆինանսաբյուջետային ապաշնորհ ու իրավիճակային կառավարումը հանգեցրել են զանգվածային թռիչքային գնաճի և քաղաքացիների զանգվածային աղքատացման:
Իրավիճակի նկարագրություն և գնահատական
Ազգային ոսկու և թանկարժեք այլ իրերի պահուստի բացակայություն
Ազգային ոսկու պահուստի վաճառքը անթույլատրելի հանցագործություն էր հայ ազգի նկատմամբ: Ոսկին է, որ կարող է չեզոքացնել տնտեսական և ֆինանսական ռիսկերը: Ոսկին՝ որպես մոնետար ակտիվ պարտավորությունների մարման համար նախատեսված հզոր գործիք, բացակայում է հայոց գանձապետարանում:
Նորանկախ Հայաստանը ոսկու սեփական ազգային պահուստային պաշարները ավելացնելու փոխարեն ոչնչացրել է: Հայաստանն իր ազգային պահուստային ֆոնդից ոսկու պաշարները սկսել է վաճառել դեռևս անցյալ դարի իննսունական թվականներից և ամբողջապես սպառել է 2003 թվականին: Ցանկացած պետության համար ոսկու պահուստը այնպիսի կարողություն է, որն իրականացնում է հակաճգնաժամային պահուստի և ազգային արժույթի փոխարժեքի կայունացնող դեր: Բացի այդ, ոսկին ցանկացած պահի կարող է օգտագործվել որպես վճարման միջոց: Ոսկու պաշարների առկայությունը նշանակում է պետության ավելի մեծ տնտեսական անկախություն: Աշխարհում բոլորը գիտեն, որ ճգնաժամի ընթացքում ոսկին հանդիսանում է երկրի տնտեսական անվտանգության վերջին պաշտպանը: Մինչդեռ ապաշնորh և ապազգային քաղաքականություն իրականացնողները հայոց գանձապետարանի ոսկու` միակ ակտիվի, որը չունի արժույթին բնորոշ ռիսկեր և միակն է, որն ընդունվում է աշխարհի ցանկացած վայրում անկախ բոլոր հանգամանքներից, պահուստը փոշիացրել են: Առ այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ազգային ոսկու պաշարի վերացման համար:
Այս տարի հերթը հասել է հայոց գանձապետարանի պահուստային պաշարների այլ թանկարժեք միջոցների վաճառքին: Ապաշնորհ, ապազգային և հանցավոր քաղաքականություն իրականացնողները հայտարարում են, որ թանկարժեք իրերը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը և արդիականությունը, մինչդեռ կրկին, ինչպես ոսկու պաշարների փոշիացման դեպքում, այնպես էլ այլ թանկարժեք միջոցների դեպքում` թանկարժեք միջոցները (իրերը) ժամանակի ընթացքում ավելի են թանկանում և հանդիսանում են կայուն պահուստային պաշար:
Հայաստանը թույլ է տվել կոպիտ սխալ՝ վաճառելով ոսկու պաշարները, իսկ այժմ վաճառում է այլ թանկարժեք իրերի պաշարները՝ անտեսելով այն փաստը, որ ոսկին և թանկարժեք իրերը հանդիսանում են կայուն և եկամտաբեր պահուստային պաշարներ, որոնք ապահովում են պահուստների բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) անհրաժեշտ մակարդակը:
Մի քանի տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի ընդերքի ազնիվ մետաղների ոչնչացում
Հայաստանի մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում առկա են ոսկու և արծաթի պաշարներ: Այս պահի դրությամբ այդ պաշարների արժեքը, ըստ որոշ հետազոտությունների, կարող է գնահատվել շուրջ 100 միլիարդ դոլար:
Հայաստանում ոսկի-սուլֆիդային կամ ոսկի-բազմամետաղային կազմավորման գրեթե բոլոր հանքավայրերը շահագործվում են օտարերկրյա կազմակերպությունների կողմից, որոնք հիմնականում գրանցված են օֆշորներում: Այդ կազմակերպությունները կորզված ազնիվ մետաղները և կիսաարտադրանքը՝ մետաղների խտանյութը, որի մեջ առկա են ազնիվ մետաղներ, ամբողջովին դուրս են բերում մեր հայրենիքից՝ մեզ թողնելով աղտոտված միջավայր։
Օրինակ` օտար կազմակերպության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրի հանքաքարերից Արարատի ոսկու կորզման գործարանում կորզվող ոսկին դուրս է տարվում Հայաստանից, թողնելով ոսկու կորզման գործարանին կից պոչամբարի տարածքը` ծանր մետաղներով և թունավոր թափոններով:
Ապագայում Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը մեզ ժառանգություն է թողնելու ոչ միայն պոչամբարի տարածք, այլև արդեն հանգեցնելու է Սևանի ավազանի և Ջերմուկի հանքային ջրերի աղտոտմանը:
Ազնիվ մետաղների պաշարների քանակի գնահատման մասնագիտական եզրակացության հիման վրա կարող ենք պնդել, որ շահագործվող ու հնարավոր շահագործման ենթակա ոսկի-սուլֆիդային կամ ոսկի-բազմամետաղային կազմավորման հանքավայրերը շահագործողները, ակնկալելով արագ ստանալ միլիարդավոր դոլարների եկամուտներ, մի քանի տասնյակ տարիների ընթացքում ամբողջությամբ կոչնչացնեն Հայաստանի հանքավայրերում առկա ոսկու և արծաթի պաշարները:
Իսկ անկախության տարիներին որքան է կազմել մեր ազգային հարստության` մեր ընդերքի շահագործումից ստացված եկամուտը, կարծում եմ, կարելի է պատկերացնել:
Պետական պարտքի անկառավարելիություն
Այս տարի հերթը հասել է նաև կուտակված պետական պարտքի սպասարկման համար տոկոսների մարման ժամկետների վճարման` վարկերի տոկոսների վճարման լայնածավալ ընթացքի ուժի մեջ մտնելուն: 2018 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կհատի 7 միլիարդ դոլարը: 2018 թվականին Հայաստանի պետական պարտքը սպասարկելու համար անհրաժեշտ է շուրջ 310 միլիոն դոլար: Առկա տնտեսական ցուցանիշների պարագայում՝ 2020 թվականին Հայաստանի պետական պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է ունենալ տարեկան 1 միլիարդ դոլար:
2017 թվականին պետական պարտքը կարգավորող օրենսդրությունը ենթարկելով այնպիսի փոփոխության, համաձայն որի Կառավարությունը հնարավորություն ստացավ պարտքի թույլատրելի շեմը գերազանցող վարկեր վերցնել, հանգեցրել է պետական պարտքի կառավարման ոչ արդյունավետ մեխանիզմների կիրառման` դարձնելով պետական պարտքի կառավարումն անկայուն և անվերահսկելի:
Համաձայն նախկինում գործող օրենքի՝ Կառավարության վերցրած պարտքը չպետք է գերազանցեր երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) 60 տոկոսը: Այսօր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) 60 տոկոս շեմը գերազանցելու սահմանափակումը վերացված է: Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի արդեն կրում է 2000 դոլարից ավելի պարտքի բեռ: Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն) 2016 թվականին կազմել է 10.55 միլիարդ դոլար: Իսկ Հայաստանի ողջ պետական պարտքն այսօր կազմում է 6.4 միլիարդ դոլար՝ գերազանցելով վերոնշյալ 60 տոկոսը:
Այս ցուցանիշները վկայում են ֆինանսական համակարգի խաթարման մասին:
Հարկատեսակի դրույքաչափերի ավելացում և ապրանքների թանկացում
2017 թվականի աշնանից ընթանում է առաջին սպառման ապրանքների գների կտրուկ աճ: 2018 թվականի Հայաստանի պետական բյուջեի եկամտային մասի համալրումը նախատեսվում է ապահովել մի շարք հարկատեսակների դրույքաչափերի ավելացման հաշվին (ապրանքներ և աշխատավարձ): 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային նոր օրենսդրությունը՝ համաձայն որի 150 հազար դրամից բարձր աշխատավարձերի հարկման դրույքաչափը կբարձրանա մինչև 28 տոկոս: Սա կվերաբերվի շուրջ 62 հազար աշխատողների: Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է սպիրտային խմիչքներին, ծխախոտային արտադրանքին, բենզինին, դիզվառելիքին և մի շարք այլ ապրանքատեսակներին: Նման հարկային դրույքաչափերի բարձրացումը հանգեցրել է ապրանքների և ծառայությունների զանգվածային թանկացման, որի բացասական անդրադարձը մարդկանց կենսաապահովման վրա առավել զգայուն կլինի մոտ ապագայում:
2018 թվականի Հայաստանի բյուջեում աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսված
2018 թվականին կենսաթոշակների ավելացում և պետական ոլորտում աշխատողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Նվազագույն աշխատավարձի շեմը վերանայված չէ, այսինքն այն կմնա անփոփոխ` 55 հազար դրամ: Արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ առաջին սպառման ապրանքների թանկացման հետ զուգահեռ, աշխատավարձերն ու թոշակները մնում են անփոփոխ:
Ժողովրդագրական բացասական միտումները
Ցածր ծնելիությունը, հիվանդացության և մահացության դեռևս բարձր մակարդակը, կյանքի միջին տևողության ու որակի ոչ բավարար ցուցանիշները, չկառավարվող և ահազանգող արտագաղթը, և հատկապես՝ կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքը վկայում են ժողովրդագրական բացասական միտումների մասին:
Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում շարունակում է ավելանալ մահացությունը, բնական հավելաճի բացասական ցուցանիշը և նվազել ծնելիությունը:
Հայաստանի տնտեսության մենաշնորհային լինելը
Հայաստանի տնտեսության խիստ մենաշնորհային լինելը երկրի արտադրության ծավալները մեծացնելու խոչընդոտ է դարձել: Հայաստանյան մենաշնորհային շուկայում, որտեղ յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության համար գործում է միայն մեկ սեփականատեր կամ ծառայություն մատուցող, և բացառված է մեկ ուրիշի մուտքն այդ շուկա, մենատերերի համար ստեղծվել են սեփական դիրքը չարաշահելու բոլոր պայմանները, ինչի հետևանքով իրենք են որոշում շուկային առաջարկվող ապրանքի քանակը և գինը: Հայաստանն ունի մենաշնորհների ավելի մեծ առկայություն, քան տարածաշրջանի որևէ այլ երկիր: Հայաստանյան շուկաների 60 տոկոսն ունի մոնոպոլ կառուցվածք: Հայաստանի տնտեսությունը հսկվում է մենաշնորհների և այլ օլիգոպոլ կառույցների կողմից:
Եզրակացություն
Նորանկախ Հայաստանի Հանրապետությունը՝ բոլորելով քառորդ դարը, արձանագրեց.
-Պետական գանձապետարանում ոսկու պահուստի և այլ թանկարժեք իրերի բացակայություն:
-Փոխարժեքի տատանումների նկատմամբ բացարձակ անպաշտպանություն:
-2018 թվականի պետական բյուջեի հսկայական դեֆիցիտ, որը համալրելու համար օլիգոպոլ կառավարությունը դիմել է ծայրահեղ մեթոդների` թանկարժեք իրերի պահուստային ֆոնդի վաճառքի, մի շարք հարկատեսակների դրույքաչափերի ավելացման (ապրանքներ և աշխատավարձ):
-2018 թվականի ավարտին Հայաստանի պետական պարտքի հանրագումար՝ շուրջ 7.2 միլիարդ դոլար:
-2018 թվականի պետական պարտքի սպասարկման գումարը 310 միլիոն դոլար կամ պետական բյուջեի շուրջ 10 տոկոսը:
-2018 թվականին արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության ճգնաժամային 60 տոկոսի շեմի անցում:
-Մենաշնորհային տնտեսություն:
-2018 թվականի Հայաստանի պետական բյուջեի կատարման բացառիկ կախվածություն արտաքին ֆինանսական աղբյուրներից:
2018 թվականին նորանկախ Հայաստանի Հանրապետությունը ոչ մրցունակ պետություն է, և այն կարող ենք դասել ձախողված պետությունների շարքին, որտեղ տնտեսական մրցունակության տեսանկյունից առկա է քաղաքական ռիսկ, ինչի հետևանքով առաջացել է ապրանքների և ծառայությունների մատուցման, պարտքերի տոկոսադրույքների մարման դիմաց վճարելու անկարողություն, իսկ ներդրումների վերադարձը դարձել է անհնարին: Տնտեսական հեռանկարի տեսանկյունից մոտ ապագայում սպասվում է դեֆոլտ: 2020 թվականին Հայաստանի պետական պարտքի սպասարկումը կգերազանցի Հայաստանի բյուջեի 40 տոկոսը: Տեղի կունենա պետական պարտքի սպասարկման անկարողություն` պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության աննախադեպ բարձր գերազանցում, պետական պարտք/արտահանում հարաբերակցության աննախադեպ գերազանցում, անվճարունակություն վարկային պարտավորությունների կատարման ժամանակ, պարտքերի վճարման ուշացում, պարտքերի վճարման վերանայում և տարաժամկետում:
Ձախողված պետությունում հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը և տարածումը մտնում են անվերահսկելի շրջափուլ, ինչը պարունակում է մեծ ռիսկեր պետական ինստիտուտների գործունեության համար:
Հա՛յ հանրություն, պետք է պատրաստ լինես հնարավորինս անցնցում հրաժեշտ տալ ձախողված քառորդդարյա Հայաստանի Հանրապետությանը և հիմնադրել մրցունակ, իրական ազգային Հայաստանի Հանրապետություն:
Դեպի Մեծ Համահայկական Ընդվզում:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
08 փետրվարի 2018
Երևան