Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի դատախազության կողմից անցած տարի Գյումրու պետական քոլեջում կոռուպցիոն հանցագործության դեպք էր բացահայտվել. առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով հոկտեմբերին 21-ին կալանավորվել էր Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհի Կոզետա Կիրակոսյանը։ Վերջինս, ըստ հարուցված քրեական գործի, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ամուսիններից իրենց դստերը բժշկական քոլեջ ընդունվելու, ավարտական քննություններին դրական գնահատական ապահովելու նպատակով կազմակերպության աշխատակից և արհեստակցական միության նախագահ Կ. Կ.-ին որպես կաշառք մաս-մաս փոխանցել էին 140 000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար գումար:
Սակայն, տեսնելով, որ խոստացածը չի կատարվել, ՌԴ-ում բնակվող անձինք դիմել էին իրավապահներին։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նշված գործի շրջանակում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «քոլեջի պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չկատարելով, մի շարք ուսանողների կողմից դասերին չհաճախելու պայմաններում, նույնիսկ ՀՀ տարածքից դուրս գտնվելու պայմաններում, նրանց սահմանված կարգով չեն ազատել քոլեջից: Փոխարենը` հանձնել են մասնագիտական որակավորման փաստը հավաստող պետական նմուշի դիպլոմներ»:
Շիրակի դատախազը տեղեկացրեց, որ իր տեղակալը իր հանձնարարությամբ փետրվարի 5-ին հարուցել է քրեական գործ 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ