Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական ոլորտում Ռուսաստանը չի կարող տալ Հայաստանին այն, ինչ կարող է տալ Եվրամիությունը». Ալեքսանդրա Վասիլևա

Փետրվար 08,2018 16:15

Ֆրիդրիխ Էբերտ hիմնադրամի Եվրոպայում համագործակցության և խաղաղության տարածքային գրասենյակի (Վիեննա) հետազոտող Ալեքսանդրա Վասիլևան համոզված է՝ փոքր երկրները, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, կարող են միայն շահել ԵՄ-ի հետ համագործակցությունից: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (ՖԷՀ) կազմակերպած՝ «ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները և հնարավորությունները» խորագրով սեմինարի ընթացքում Ալեքսանդրա Վասիլևան ներկայացրեց «Համագործակցության կոչ. ինչո՞ւ պետք է Եվրոպական միությունը երկխոսություն ծավալի Եվրասիական տնտեսական միության հետ» խորագրով զեկույցը, այնուհետև քննարկում ծավալվեց ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության ներկայիս միտումների շրջանակում:

Անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը՝ Ալեքսանդրա Վասիլևան նկատեց. «Տնտեսական ոլորտում Ռուսաստանը չի կարող տալ Հայաստանին այն, ինչ կարող է տալ Եվրամիությունը: Օրինակ՝ անվտանգության ապահովման ոլորտում՝ կապված ԼՂ հակամարտության հետ հատկապես, մենք բոլորս էլ գիտենք, որ Եվրոպան չի կարող տալ անվտանգային այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք տալիս է Ռուսաստանը»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագրի ասոցացված փորձագետ և Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) ասպիրանտ Անի Եղիազարյանի հավաստմամբ՝ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունից շահողն առաջին հերթին ԵԱՏՄ-ն է: Նա հայտարարեց. «ԵՄ-ի ամենաթույլ զարգացած երկրի հետ անգամ չի կարող մրցել ԵԱՏՄ-ն»:

Հարցին՝ ԵԱՏՄ-ԵՄ հնարավոր համագործակցությունը՝ հատկապես տնտեսական բաղադրիչով ի՞նչ կնշանակի ԱՄՆ պարագայում, արդյոք Պուտինն այդպիսով չի՞ փորձում Թրամփի ԱՄՆ-ին հակակշիռներ ստեղծել, Ալեքսանդրա Վասիլևան պատասխանեց. «Ռուսաստանն այժմ դեմքը փրկելու խնդիր ունի: Եթե արտաքին քաղաքականության ոլորտում՝ սիրիական ճգնաժամ, Ուկրաինայի խնդիր, Ղրիմ, Պուտինը կարողանում է համոզել ռուս հասարակությանը, ապա տնտեսական ոլորտում դա բարդ է: Այժմ Ռուսաստանը բարդ տնտեսական կացության մեջ է, ինչը կարող է շարունակվել ևս վեց տարի: Ուստի հանրությանը համոզելու ուղիներ են պետք»:

Դավիթ Շահնազարյանն էլ հայտնեց, իհարկե, դա սկսվել է Ռուսաստանից, բայց վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում Եվրոպայում միտում է նկատվում, թե առանց Ռուսաստանի հնարավոր չէ կառուցել եվրոպական անվտանգություն: Ալեքսանդրա Վասիլևան արձագանքեց, թե ԵԱՏՄ-ն միայն Ռուսաստանը չէ, այլ Հայաստանը, Բելառուսը, որոնց հետ ԵՄ-ն արդյունավետ համագործակցում է:

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանը փորձագետին հիշեցրեց՝ զեկույցում նշել է՝ Արևելյան հարևանության երկրներում կայունություն է պետք ապահովել: Հարցին, եթե այդ խնդրի լուծման համար քայլեր չձեռնարկվեն, դա կտանի դեպի ոչ կայունությո՞ւն, թե՞ հակառակը՝ ոչ կայուն իրավիճակն անցյալում է, Ալեքսանդրա Վասիլևան պատասխանեց. «Այդ ոչ կայուն իրավիճակից ամենաշատը տուժում են փոքր երկրները: Վրաստանը ևս Ռուսաստանի ագրեսիայի զոհ դարձավ: Պետք է անել այնպես, որ Հայաստանը չդառնա Ռուսաստան-Արևմուտք դիմակայության վայր: Այդ պատճառով էլ պետք է փոխվի այսպես կոչված փոքր երկրների ստատուս քվոն, որպեսզի ապահովվի կայունություն»:

Անի Եղիազարյանի համոզմամբ՝ ԵՄ-ԵԱՏՄ վիհը միտում ունի խորանալու հատկապես այն պատճառով, որ ԵՄ-ն ավելի խոր ինտեգրում է առաջարկում երեք երկրների՝ Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային. «Վլադիմիր Պուտինն էլ լավ հասկանում է, որ եթե քայլեր չձեռնարկվեն՝ մեծանում են այդ երկրների՝ Եվրոպային ինտեգրվելու շանսերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728