Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին հրավիրել էր հանդիպման նահանգապետի և Ներքին Գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ:
«Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը:
Փաստաբան Սեպուհ Ասլանգիլը, որը գլխավորում է պատրիարքի ընտրությունները համակարգող Նախաձեռնած մարմինը, անդրադարձել է նահանգապետարանի՝ պատրիարքարան ուղարկած նամակին, որտեղ հայտնում էր, որ պետությունը Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում պատրիարքի տեղապահ :
Ասլանգիլը ցավալի է համարել, որ նամակում տեղ գտած տվյալները շարադրված են եղել անփութորեն և նկատել է, որ նամակը գրվել է հապճեպ: Նա հիշեցրել է, որ պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանին այդ պաշտոնում ընտրել է պատրիարքության հոգևոր խորհուրդը և այդ նույն խորհուրդն էլ դադարեցրել է նրա լիազորությունները:
Ասլանգիլը, հիշեցնելով, որ հոգևոր խորհրդի որոշմամբ է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանգստյան կոչվել և ընտրվել պատրիարքի տեղապահ՝ ընդգծել է, որ այս բոլոր գործընթացներն ընթացել են համաձայն եկեղեցական օրենքների: Փաստաբանը քննադատել է նահանգապետարանին պատրիարքարան ուղարկված նամակում Գարեգին արք. Բեքչյանի հասցեին կիրառված «այսպես կոչված տեղապահ» արտահայտության համար՝ նշելով, որ ընտրված անձին նման կերպ դիմելը պատշաճ չէ:
Հանդիպմանը ներկա հայկական հիմնադրամների ղեկավարների մեծ մասը կոչ են արել վայրկյան առաջ ընտրություններն անցկացնել, որոշներն էլ հայտնել են, որ դժվար կլինի աշխատանքները Աթեշյանի հետ շարունակել:
Հանդիպման վերջում Սոյլուն պատասխանել է Ասլանգիլի քննադատություններին: Նա նշել է, որ պետությունն ունի օրենքներ, որոնց շրջանակներում էլ գործում է: Բացի այդ, ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի, պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: Սոյլուն հայտնել է, որ հանդիպման մասին տեղեկություններ կփոխանցի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել մեկ ամիս հետո:
Աղբյուր` Ermenihaber.am