«Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն» է քննարկվում խորհրդարանում: Այս նախագծի շուրջ աղմուկ է բարձրացել, փաստաբանները գործադուլ ու բողոքի ցույցեր են անում: Պատճառն այն է, որ նախագծով նախատեսվում է, որ դատավորը կարող է նիստի ընթացքում մինչեւ 100 հազար դրամով տուգանել դատախազին եւ փաստաբաններին: Փաստաբանները սա գնահատում են՝ որպես մահակ՝ իրենց ճնշելու համար, որովհետեւ դատավորները կարող են կամայականորեն իրենց տուգանել:
«Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դատախազներն ու քննիչները նախկինում էլ պատասխանատվության ենթակա էին գործող օրենքով, բայց դեպք չի եղել, որ դա կիրառվի նրանց նկատմամբ. «Սա իրականում զսպաշապիկ է՝ փաստաբանների համար: Քրեական դատավարություններում հիմնականում ինչու են փաստաբաններն այդքան ըմբոստ, կարիք կա նրանց զսպաշապիկ հագցնելու, որովհետեւ, ասենք, կալանքի գործերով, երբ միջնորդություն է բերվում անձին կալանավորելու, փաստաբանի կողմից գործը շահելու հավանականությունը 2 տոկոս է: Հարգելի գործընկերներ, խաղացեք Հայ լոտո, որտեղ ավելի մեծ է շահելու հավանականությունը, քան դիմեք դատարան եւ փորձեք պաշտպանել ձեր վստահորդին կալանքից: Այս գործերով, երբ դատավորներն այսքան անարդար են, նրանց ձեռքին տալիս ենք գործիք»:
Զեյնալյանն ասաց, որ 100 հազար դրամ տուգանքն իր բնույթով քրեական պատիժ է: Նա ՄԻԵԴ վճիռները մեջբերեց՝ ասելով, որ դատավորը, որը վիրավորվողն է լինելու, ինքը չի կարող նաեւ տուգանողը լինել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ դատավորը չի կարող փաստաբանի իրավունքն այդպես սահմանափակել, կառավարությունը չպետք է «պրինցիպի» համար հակասահմանադրական այս օրենքը անցկացնի:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ Փաստաբանների պալատի նախագահի հետ են հանդիպել եւ գտնում են, որ իսկապես խնդիր կա: Ռուստամյանն ասաց, որ փաստաբանները առաջարկներ ունեն, պատրաստ են գնալ կոմպրոմիսի, այնպես որ հրատապ չէ, կարելի է ժամանակը ճիշտ գործադրել, ավելորդ լարվածություն չառաջացնել՝ մանավանդ, որ այն լուծումը, որ կառավարությունն է առաջարկում՝ անհասկանալի է. «Դատավորը եթե կոնֆլիկտի կողմ է, ինչո՞ւ պետք է սանկցիա կիրառի կոնֆլիկտի մյուս կողմի համար: Առնվազն պետք է նախատեսել, որ այլ դատավոր դա անի, անաչառության սկզբունքը խախտվելու է: Սա կարող է միջազգային դատարանում բողոքարկվել, ցանկացած փաստաբան կգնա եւ մենք Հայաստանի դեմ ավելացնելու ենք միջազգային դատարանից եկող սանկցիաները: Սա մեզ բոլորովին պետք չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ