Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ մի հատ եվրոռեմոնտ թազա կվարտիրա կտանք, դու մենակ նստի ու ժպտա». Ըստ Փաշինյանի, Արմեն Սարգսյանը մեր «պրիզն է»

Փետրվար 08,2018 15:26

«Երբ որ Սահմանադրությունը փոխվում էր, Հովիկ Աբրահամյանը մտածում էր, որ այդ սուպերվարչապետն ինքն է լինելու, Սերժ Սարգսյանն էլ ասում էր՝ լավ, դե թող Հովիկ Աբրահամյանը տենց մտածի: Հետո իրավիճակ փոխվեց, Սերժ Սարգսյանը հրավիրեց Մոսկվայից Կարեն Կարապետյանին, ասեց՝ Կարեն ջան, ես հայտարարել եմ՝ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին, ուզում եմ իշխանությունը քեզ ժառանգել, էլի, արի վարչապետ աշխատի: Կարեն Կարապետյանն էլ ասեց՝ եղավ, ուրեմն էդ սուպերվարչապետը կլինեմ ես: Հիմա եկել է փոխանցելու պահը, ասում են՝ Կարեն ջան, քանի որ Գալուստ Գրիգորիչը ոնց որ դեմ է, ֆրակցիան, մյուսը ու հիմա եկել է պահը, որ Սերժ Սարգսյանը ոնց որ չորով պետք է «քցի» Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով»,- այսօր ԱԺ-ում Անվտանգության խորհրդի կազմի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իրենց խմբակցության տեսակետը:

Ըստ նրա, հիմա Անվտանգության խորհրդում գրում են առաջին փոխվարչապետ՝ որպես Կարեն Կարապետյանին «պրիզ». «Սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է: Օրենքների մասով՝ ամեն օր իրիկունը կոստյումը տանում են Սերժ Սարգսյանի մոտ, ասում են՝ շեֆ ջան, մի հատ հագի տեսնենք ոնց ա, ասում ա՝ էս վարատնիկի ծերը ոնց որ մի քիչ սուր ա, կարը մի հատ կլոր տարեք»: Ըստ Փաշինյանի, Սերժ Սարգսյանը ժողովրդին էլ է խաբել ու մի «պրիզ» էլ ժողովրդին պետք է տար: Այդ մրցանակն էլ Մեծ Բրիտանիայի դեսպան Արմեն Սարգսյանն էր. «Սիրուն, պուպուշ դեսպանն է, բերել են՝ սենց ժպտո՜ւն, լավատեսորեն, էդ էլ ժողովրդի նվերն է, որ մյուս հարցերը սղցնելով լուծեն»:

Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, որ Արմեն Սարգսյանը հընթացս կսկսի լուրջ վերաբերվել իր պաշտոնին, վերջիվերջո Անգլիայի թագուհուն է տեսել, Բելգիայի արքայադստերը հանդիպել, ուստի «ասում է՝ դավայ, տղերք թեւերը կտրեք»: Անգամ ներման հարցում մտածում են՝ նախագահն ով է, որ ների. «Արդեն սկսել են դու նույնիսկ Բաղրամյան 26-ում՝ այդ նստավայրում չես նստելու, քեզ մի հատ եվրոռեմոնտ թազա կվարտիրա կտանք, դու մենակ նստի ու ժպտա, իսկ մենք այդ ընթացքում կիրականացնենք ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր ելույթում անդրադարձավ այն առաջարկներին, որ ԱԺ նախագահն ընդգրկվի անվտանգության խորհրդի կազմում: Նա ասաց. «Բա էդ ինչի՞ վարչապետը ԱԺ խորհրդի կազմում չէ, կամ բարձրագույն խորհրդի նախագահը ԱԺ խորհրդի անդա՞մ է: Ժողովրդավարության հիմքերի հիմքը իշխանությունների տարանջատումն է: Օրենսդիր իշխանության խնդիրը չէ մտնել գործադիր կամ դատական իշխանության գործողության ոլորտ, ամբողջ խնդիրը սրա մեջ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728