Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Պողոսյան. «Նարեկացու Մատյանի էստոներեն թարգմանությունը շատ արագ սպառվել է»

Փետրվար 08,2018 15:21

ԵՊՀ եւ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նորայր Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»` էստոներեն թարգմանվելու մասին:

«Նարեկացիագիտությունը, այս դեպքում` Նարեկացու Մատյանը Եվրոպայում տարածելու, եվրոպական լեզուներով նոր թարգմանություն ստանալու շատ լուրջ քայլ ունեցանք: Հունվարին տպագրվեց մեր էստոնացի բարեկամ Պեետեր Վոլկոնսկու «Մատյան ողբերգության» պոեմի էստոներեն թարգմանությունը:

Պեետեր Վոլկոնսկու լուսանկարը` epl.delfi.ee կայքից:

Նարեկացու Մատյանը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում` անգլերեն, ֆրանսերեն, մասնակիորեն իտալերեն, ռումիներեն, Էստոներեն թարգմանությունն էլ գալիս է լրացնելու այդ շարքը: Դա միջնադարը Եվրոպայում տարածելու մի շատ լավ ակցիա է, Պեետերի կատարածը կարելի է նույնիսկ մշակութային սխրանք համարել, որովհետեւ նա շուրջ 30 տարի զբաղվել է այս խնդրով:

Դեռեւս խորհրդային տարիներից նա տարված է եղել Նարեկացիով: Լինելով երաժիշտ, ստեղծագործող` Պեետեր Վոլկոնսկին նաեւ բանաստեղծությունների գրքեր ունի, մեկ-երկու անգամ եղել է Երեւանում: Իսկ թարգմանությունն ամբողջացնելու վրա նա կենտրոնացավ վերջին հինգ տարիներին եւ Նարեկացու Մատյանի մոտ 50 գլուխները վերածեց էստոներենի` օգտագործելով աշխարհաբար, անգլերեն, ռուսերեն թարգմանությունները»,-ասաց ԵՊՀ դասախոսը, որը նաեւ նորատիպ գրքի խորհրդատուն է:

Նորայր Պողոսյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից

Նորայր Պողոսյանը հավելեց, որ թարգմանությունը հիմնված է գրաբարի վրա, բայց թարգմանիչն օգտվել է աշխարհաբար եւ այլ լեզուների թարգմանություններից: Իսկ գրաբարյան միջամտությունների հարցում ապավինել է Նորայր Պողոսյանի մասնագիտական աջակցությանն ու խորհրդատվությանը:

Մեր զրուցակցի խոսքերով, Պեետեր Վոլկոնսկու հետ շփումներն իրականացվել են համացանցի միջոցով, քանի որ թարգմանության ընթացքում կարիք է եղել շարունակական պարզաբանումների եւ բացատրությունների: Այդ ամենը ձգվել է 3-4 տարի:

Նորայր Պողոսյանից նաեւ տեղեկացանք, որ հունվարի 24-ին Էստոնիայում` Տարտուի համալսարանում կայացել է Գրիգոր Նարեկացու Մատյանի էստոներեն տարբերակի շնորհանդեսը: Ընդ որում, Տարտուի համալսարանն իր վրա էր վերցրել գրքի հրատարակության ծախսերը:

«Տեղի ունեցավ մի հրաշալի շնորհանդես, որին ներկա են եղել հայկական փոքրաթիվ համայնքի ներկայացուցիչներ: Պեետերն ինձ ուղարկել է տեսագրությունը եւ հավաստիացնում է, որ աննման ընդունելություն գտավ գիրքը: Հարյուրավոր մասնակիցներ ուղղակի ոտքի վրա ունկնդրել են ընթերցումները, ապա հենց տեղում գրքի բազմաթիվ օրինակներ են գնվել, եւ հրատարակչությունը ձեռնամուխ է եղել գրքի նոր խմբաքանակի հրատարակությանը:

Թերեւս պատահական չէ, որ Նարեկացու հոգեւոր, աստվածային խոսքը սերմի հատիկների պես գնացել էստոնացիների սրտերում է տեղ գտել, եւ ես վստահ եմ, որ այնտեղ կծլարձակի, ու սա հերթական պատուհանը կլինի դեպի Եվրոպա` հայ-էստոնական մշակութային կապերը զարգացնելու միջոցով: Վստահ եմ նաեւ, որ այս թարգմանությունը իր կայուն տեղը կգտնի գիտական, մշակութային եւ հոգեւոր իմաստով Գրիգոր Նարեկացու ուսումնասիրությունների երկար շղթայի մեջ»,-նշեց Նորայր Պողոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728