Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անվտանգության խորհրդի այս օրենքը կարդալով՝ հիշեցի եղբորս հոդվածներից մեկը՝ Հայի վերջին խելքը». Արամ Սարգսյան

Փետրվար 08,2018 15:15

Անվտանգության խորհրդի կազմի հարցն է քննարկվում ԱԺ-ում:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկեց, որ կազմում ընդգրկեն նաեւ ԿԳ նախարարին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ եթե խորհրդարանական կառավարման ենք անցնում, պառլամենտի առաջ որեւէ փակ դուռ չպետք է լինի, ԱԺ-ն պատերազմ հայտարարող, խաղաղություն հայտարարող մարմին է, պաշտպանության ոլորտում ինչո՞ւ պիտի չխառնվի, Պաշտպանության մասին օրենքը ԱԺ-ն չի՞ ընդունում. «Բա ինչպե՞ս է Հրայր Թովմասյանը երբեմն համատեղում կառավարության փաստաբանի եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Պարտադիր չէ, որ ԱԺ նախագահը լինի, թող Անվտանգության խորհրդում ԱԺ-ն ունենա իր ներկայացուցիչը, դա կարող է լինել պաշտպանության հանձնաժողովի նախագահը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «Անվտանգության խորհրդի այս օրենքը կարդալով՝ հիշեցի եղբորս հոդվածներից մեկը՝ Հայի վերջին խելքը: Պատահական չհիշեցի եղբորս: Մենք պետք է հիշենք, որ այս խորհրդարանում սպանվել է ԱԺ նախագահ եւ վարչապետ: Անվտանգության խորհրդի նիստ է աշխատել այդ ժամանակ եւ ղեկավարել է երկրի նախագահը, բավականին լուրջ խնդիրներ են այնտեղ քննարկել: Երկրորդ՝ մենք պատերազմող երկիր ենք, վարչապետը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, Աստված մի արասցե, պատերազմի դաշտում վարչապետը զոհվի, այդ խնդիրները ո՞վ է բերելու խորհրդում քննարկի՝ ձեր ասած առաջին փոխվարչապե՞տը, որը կարող է տնտեսության մասնագետ է կամ գյուղատնտեսության: Պետք է փոխել, պետք է վերանայել այս ամեն ինչը»:

Ըստ նրա, ԱԺ նախագահը շատ ավելի լեգիտիմ է, քան վարչապետը, որովհետեւ ինքը ժողովրդի քվեն ստացել է, հետո նոր քվե է տվել վարչապետին: Նա գտնում է, որ երկրի նոր նշանակված նախագահին պետք չի զրկել անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունքից, բա էլ ինչի՞ ենք բերում այդ մարդուն. «Ազգային անվտանգության խորհրդում խորհրդարանը պիտի միանշանակ ներկայացված լինի, նաեւ երկրի նախագահը: Խորհրդարանում ներկայացված ցանկացած խմբակցությունից մեկական անդամ պիտի ունենանք, եթե ուզում ենք լավ ազգային խորհուրդ ունենանք: Անվտանգության հետ կապված խնդիրներում բոլորս նույն ձեւ ենք մտածում, աշխատում ենք՝ հանուն մեր երկրի շահի»:

Նա վստահեցրեց, որ օրենքը լավը չի ու իրենք դեմ են քվեարկելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728