Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ, որում նախատեսվում է քննարկել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը: Հիշեցնենք, այս տարվա հունվարի 1-ից բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացումները, որոնք ոլորտի պատասխանատուները հիմնավորում են Հարկային նոր օրենսգրքով, դժգոհություն են առաջացրել հանրության շրջանում: Այս նոր օրենսգրքով զգալիորեն բարձրացել են նշված վառելիքների ակցիզային եւ ավելացված արժեքի հարկերի դրույքաչափերը: Բացի այս, գնաճ է տեղի ունեցել նաեւ առաջին սպառման սննդամթերքի շուկայում:
Այսօր կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցրեց՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու կարիք չկա:
Նախարարն ասաց, որ այս օրենսգիրքը քննարկելիս հաշվի առել են ակցիզային հարկի դրույքի բարձրացման ազդեցությունը, որը գնահատված է 0.5% ով. «Այստեղ հարկային գործիքով որեւիցե արտոնություններ կամ գների վրա ազդման մանիպուլյացիաներ անելը ճիշտ չէ: Որովհետեւ հարկային օրենսդրությունը կամ հարկը ճիշտ գործիք չէ, որպեսզի մենք կարողանանք հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին մենք օժանդակություն տանք: Հարկային դրույքներով աշխարհում այդպես չեն անում»:
Ըստ Արամյանի, բյուջեն պարտավորություններ ունի՝ աշխատավարձերի վճարում, սոցիալական ծրագրերի ֆինանսավորում, համայնքների համահարթեցման ծախսեր եւ այլն. «Եվ, բնականաբար, դա պետք ֆինանսավորվի կայուն աղբյուրներից: Եվ եթե դա անընդհատ թուլացվի, հարց է առաջանում՝ մեր պարտավորությունները որտեղի՞ց պետք է ֆինանսավորենք: Իսկ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր անելը մենք չենք խրախուսում: Ուստի դրվեց խնդիր, թե՝ ո՞ր հարկատեսակների հաշվին պետք է բալանսավորվի ֆինանսական պարտավորությունները: Ընտրվեց նաեւ սպառման հարկերը՝ ակցիզային եւ ավելացված արժեքի հարկերը: Հայաստանում ակցիզային հարկը տարածաշրջանում ցածրերից մեկն է, Վրաստանում գրեթե 2 անգամ ավելի բարձր է»:
Խոցելի խմբերի համար գնաճային տատանումները մեղմելու համար, ինչպես Արամյանը վստահեցրեց, կառավարությունը սուբսիդավորելու մասին է մտածում, խոսքը գյուղատնտեսությունում դիզելային վառելիքի սուբսիդավորման մասին է:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ