Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե ՊՆ նախարարն էլ դեմ լինի՝ որոշումն ընդունվելու է. Անվտանգության խորհրդի կազմի քննարկումը՝ ԱԺ-ում

Փետրվար 08,2018 14:26

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ անվտանգության խորհրդի գլուխն է լինելու ՀՀ վարչապետը, խորհրդի կազմում են լինելու առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության պետը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Ազգային խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Ազգային խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Ազգային խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, խորհրդատվական բնույթի որոշումների համար բավական կլինի խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը:

Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Մեր Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն, նշվում է, որ կառավարությունը կազմված է լինում վարչապետից, 3 փոխվարչապետից, նախարարներից: Եթե մենք սա չուղղենք, կունենանք ի սկզբանե հակասահմանադրական օրենք: Կարող է մոռացել եք այն ժամանակ նշել առաջին փոխվարչապետ, հիմա չեք կարող նման պաշտոն ունենալ»:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Սահմանադրությունը արգելք չունի: Կառավարության կառուցվածքն էլ օրենքով հետո է սահմանվելու: Այդ օրենքում էլ կգրեն, որ կա առաջին փոխվարչապետ եւ երկու փոխվարչապետ:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ինչու ԱԺ նախագահը կամ նախագահը ներառված չեն խորհրդում: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ Անվտանգության խորհուրդը գործադիրի մաս է, այդ մարմնում պետք է ներառել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ: Պաշտպանության քաղաքականության իրականացման համար է, իսկ քաղաքականության որոշման լիազորությունը բացարձակապես կառավարությանն է տրված, դրանով է պայմանավորված այս կազմը: Ինչու չունենք գլխավոր դատախազին, որովհետեւ անկախ մարմին է:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ խորհրդի կազմում չի կարող լինել ԱԺ նախագահը, նախագահը, բայց պետք է նախատեսել, որ նրանք կարող են մասնակցել նիստին:

Փոխնախարարը պատասխանեց, որ նախատեսել են, որ անվտանգության խորհուրդը կարող է հրավիրել ԱԺ նախագահին, նախագահին, բայց դա խորհրդի ցանկությամբ պետք է լինի, ոչ թե ԱԺ նախագահի կամ նախագահի:

Խոսրով Հարությունյանը նաեւ հարցրեց՝ եթե ՊՆ նախարարը դեմ է, բայց պաշտպանության հիմնական ուղղության հարց է քննարկվում, ո՞նց կարող են որոշումն ընդունել, արդյո՞ք այդ փաստաթուղթն իրավական ուժ կարող է ունենալ: Հովհաննիսյանը պատասխանեց, որ կառավարությունը, որը պաշտպանության քաղաքականությունը որոշողն է, քվեարկությամբ է որոշումները կայացնում, անվտանգության խորհրդում դոմինանտ ձայն չկա, եթե 7 անդամ կողմ է, այդ որոշումն ընդունվելու է: Պաշտպանության քաղաքականության որոշողը ոչ թե ՊՆ նախարարն է, այլ կառավարությունն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728