Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանը կարծում է, որ Իլհամ Ալիեւի՝ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու որոշումը պայմանավորված է երկրի ընդդիմությանն առնչվող մի շարք փաստերով: «Ընդդիմության կողմից համախմբվելու եւ միասնական թեկնածուով հանդես գալու ազդակներ կային, ինչը ձեռնտու չէր Ալիեւին: Նա պատրաստ չէ լուրջ բարեփոխումներ անել մինչեւ հոկտեմբեր, որպեսզի այդ վեց ամսում բարձրացնի իր վարկանիշը: Խնդիրն այն է, որ կան կոռումպացված եւ լուրջ կերպարներ, որոնք պետք է հեռացվեն իշխանությունից, իսկ Ալիեւն այնքան ուժեղ չէ, որ նրանց կարողանա չեզոքացնել դաշտից»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտ Մովսիսյանը:
Նա նկատեց. «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը ազդեցիկ գործիչներից մեկն է, որի որոշումներն ի կատար են ածվում Ալիեւի կողմից: Կան խոսակցություններ, որ նա առողջական խնդիրներ ունի եւ ուզում է իր դիրքերը փոխանցել իր համար ընդունելի կերպարին՝ նախագահի օգնականներից Ալի Հասանովին»:
Անդրադառնալով այն փաստին, որ երեկ շփման գծում հակառակորդի կրակոցից հայկական կողմը հերթական զոհն ունի, փորձագետը համոզմունք հայտնեց՝ ադրբեջանական կողմը դիմեց այդ քայլին, որպեսզի ուշադրություն շեղի Ալիեւի նշյալ խայտառակ որոշումից. «Եթե սահմանին լարվածությունն աճի, դա, միանշանակ, պայմանավորված կլինի Ադրբեջանի իշխանության կողմից իր հասարակությանը շեղելու նպատակով: Իրավիճակը կարող է սրվել, բայց բացառում եմ, որ Ադրբեջանում նախընտրական շրջանում հնարավոր է այդ երկրի կողմից լայնածավալ ռազմական գործողություն: Չեմ կարծում, թե Ալիեւն ընտրություններն «առաջ է տվել»՝ աշնանը պատերազմ սկսելու նպատակով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ