Լրահոս
Օրվա լրահոսը

«Էռնեկյանը դնում է նախապայման՝ օդանավակայանի շենքը պետք է քանդել». Մկրտիչ Մինասյան

Փետրվար 08,2018 13:52

Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը վիրավորված ՝ որևէ անգամ ոչ մեկը չի արձագանքել ճարտարագետների առաջարկներին:

«Մեդիա կենտրոնում» «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. գնահատական նոր նախագծին» թեմայով հրավիրված քննարկմանը տիկին Թարխանյանը հայտնեց, թե բազմաթիվ անգամ դիմել են կառավարությանը, սակայն ոչ մի արձագանք: Նա հիշեցրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը տրված է կատարման կոնցեսիոն հիմունքներով, որի հիմնական իմաստն է բարելավել օդանավակայանի պայմանները: Մինչդեռ ըստ տիկին Թարխանյանի՝ դրա փոխարեն տեսնում ենք լքված մի շենք, որտեղ ներդրում չի արվել երկար տարիներ, և փոխարենը քանդելու հարց է բարձրանում:

Տիկին Թարխանյանը, խոսելով օդանավակայանի հին շենքի ճարտարապետական արժեքի մասին, նշեց. «Այդ շենքը դիտարկվում է որպես համաշխարհային լավագույն օբյեկտներից մեկը, որը ներկայացնում է 50-ականների մոդերնիզմը, ճարտարապետությունը: Ուստի նման բարբարոսությունն այդ շենքի հանդեպ դժվար է ընկալել»:

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն էլ հիշեցրեց՝ կոնցեսիոն կառավարումը ենթադրում է այն, որ 30 տարի հետո շենքը պետք է հանձնել բարելավված վիճակում: Դառնալով շենքի ուժեղացմանը՝ պարոն Ազիզյանն ասաց. «Շենքը շատ բարձր կրողունակություն ունի. առաջին հարկի սյուների փոքրիկ ուժեղացումով լուծվում է շենքի ուժեղացման խնդիրը: Ուստի ծախսերը պետք է կատարվեն հարդարման աշխատանքների համար»:

Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վրդովված է Էռնեկյանի կողմից ճարտարապետության հանդեպ արհամարհական վերաբերմունքից: Պարոն Մինասյանը հիշեցրեց նաև, որ ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը նրան շնորհեց ազգային հերոսի կոչում: Մկրտիչ Մինասյանը մտահոգություն հայտնեց՝ քանդում են օդանավակայանը, երիտասարդական պալատը, Ծածկած շուկան, «Սևա»ն հյուրանոցը. շենքեր, որոնք Երևանի դիմագիծն էին:

Դառնալով Էռնեկյանի հետ համագործակցության բացակայության խնդրին՝ պարոն Մինասյանը պատմեց. «Էռնեկյանին անընդհատ խնդրում ենք, որ նրա ճարտարապետական արվեստանոցը մեր մասնագետների հետ մի ընդհանուր կոնսենսուսի գա: Բայց նրանք ամեն անգամ գալիս ու առաջին հերթին դնում են նախապայման, թե պետք է քանդել»:

Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց՝ օդանավակայանի շենքը պատրաստի բրենդ է Երևանի համար, փոխանակ պահպանենք, մեր ձեռքով մեր արմատները քանդում ենք: Ըստ ճարտարապետի՝ շատ դեպքերում նման երևույթներն են արտագաղթի պատճառ դառնում: Պարոն Մինասյանը մտահոգվեց՝ նույնն  էլ կատարվում է «Ռոսիա» կինոթատրոնի հետ. հեղինակը ողջ է, մինչդեռ անգամ նրա հետ չեն խորհրդակցել:

Անահիտ Թարխանյանն էլ տեղեկացրեց, որ իրենք ներկայացրել են օդանավակայանի այլընտրանքային նախագծեր, սակայն դեռ պատասխան չեն ստացել: Տիկին Թարխանյանը նաև հիշեցրեց՝ օդանավակայանը ՀՀ-ի համար ունի անվտանգության գործառույթ, այն շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար միակ կապն է արտաքին աշխարհի հետ. «Մեր օդանավակայանն ուներ 14 կառամատույց, մինչդեռ Էռնեկյանն ու իր թիմն առաջարկում են 6 գործող կառամատույցներին ավելացնել ևս 6-7-ը: Այսինքն՝ ձևավորել մի օդանավակայան, որը զիջում է եղածին»:

Տիկին Թարխանյանը մտավախություն ունի, որ Էռնեկյանն ու իր թիմը նպատակ ունեն բիզնես ծրագիր իրականացնել՝ իրենց բիզնեսը «ռելոկացիա» անել, ուստի քանի որ ՀՀ-ում կա երկու օդանավակայան, մեկը պետք է քանդել, որպեսզի մյուսի գինը բարձրանա, և Էռնեկյանը կարողանա այն բարձր գնով վաճառել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը վիրավորված ՝ որևէ անգամ ոչ մեկը չի արձագանքել ճարտարագետների առաջարկներին: ??????????????

  2. Artur Lazarian says:

    Սառնասրտօրէն հողին են հաւասարեցնում հերթական մշակութային արժէքը: Եւ դա անում է Հայաստանի այսպէս կոչուած «ազգային հերոսը»: Նոյնիսկ ինձ համար, որ ճարտարապետ չեմ, ցերեկուայ լոյսի պէս պարզ է, որ այս կառոյցը բացառիկ մշակութային արժէք է (ինչու ոչ՝ նաեւ համաշխարհային մակարդակի): Ի վերջոյ, աշխարհի քանի՞ օդակայանում էք տեսել նման գեղեցկութիւն: Դա մեր երկրի օդային դարպասների սիրելի խորհրդանիշն էր:

    Իւր ձեռքերով սեփական պատմութիւնը փոշիացնելը ձեզ մօտ հոյակապ է ստացւում. Գրիգոր «Լուսաւորիչից» սկսած վարպետօրէն քանդում էք: Ուստի մի զարմացէք, որ նոյն սառնասրտութեամբ էլ Իլհամ Ալիեւն էր հողին հաւասարեցնում ձեր միջնադարեան խաչքարները: Արժանի՛ էիք: Այդ առումով դուք Ալիեւից ոչնչով չէք տարբերւում:

    Յ.Գ. Ձեր բարբարոս կերպարն է նաեւ պատճառը, որ ի լուր աշխարհի յայտարարում էք, թէ 2800 տարեկան մայրաքաղաք ունէք, մինչդեռ նոյն այդ քաղաքում ոչ «Հին քաղաք» կայ, ոչ էլ ձեւի համար մի հին շինութիւն: 🙂

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728