Սիրելի երևանցի,
2018 թվականի փետրվարի 2-ին, որպես Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, ներկա էի Երևանի ավագանու մարմին հանդիսացող՝ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստին: Մեջբերում եմ նույն հանձնաժողովի Կանոնակարգի 1.9 կետը.
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ» ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
՝ 1.9 Հանձնաժողովը ավագանու մարմին է, և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի, Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի, սույն կանոնակարգի պահանջներին համապատասխան:
Ուզում եմ հատկապես շեշտել.
2.Հանձնաժողովի խնդիրները
1.8 Հանձնաժողովի խնդիրներն են՝
ա) նախապատրաստել հանձնաժողովի իրավասության մեջ մտնող հարցերը՝ ավագանու նիստերում քննարկելու համար:
բ) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ավագանու անունից իրականացնել վերահսկողություն:
գ) աջակցել իր ոլորտների վերաբերյալ ավագանու գործունեությանը:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական որևէ անդամ չնախապատրաստեց հանձնաժողովի իրավասության մեջ մտնող գոնե մեկ հարց: Նրանք իրենց հեռախոսներով կամ խոսում էին, կամ խաղում: Մյուս երկու կետերի մասին հետևությունը, իմ սիրելի երևանցի, թողնում եմ Քեզ…
Եվ, ուղղակի, որպես ի գիտություն ասեմ, որ հանձնաժողովի գործունեության ոլորտներն են.
ա) ճարտարապետություն,
բ) քաղաքաշինություն,
գ) հողօգտագործում,
դ) բնապահպանություն,
ե) բնակարանային ֆոնդ,
զ) կոմունալ տնտեսություն:
Բացի հեռախոսով զազրախոսելուց և խաղեր խաղալուց, այս հանձնաժողովի անդամներն ունեն ևս մի քանի լիազորություն, հիշեցնում եմ նաև դրանք.
3.Հանձնաժողովի լիազորությունները
3.1 Հանձնաժողովի լիազորություններն են՝ իրեն վերապահված հարցերի շրջանակներում ուսումնասիրել ավագանու նիստերին ներկայացվող նախաձեռնություններն ու առաջարկությունները, դրանց վերաբերյալ տալ կարծիքներ ու եզրակացություններ,
3.2 Հանձնաժողովը կարող է իր կազմից ձևավորել աշխատանքային խումբ՝ սահմանելով նրա խնդիրները, գործունեության ժամկետները, կարգը՝ ընտրելով խմբի ղեկավարին: Աշխատանքային խմբի կազմում հանձնաժողովի անդամներից բացի կարող են ընտրվել նաև խմբակցություններից փորձագետներ: Աշխատանքային խումբը գործունեության արդյունքների մասին սահմանված ժամկետում զեկուցում է հանձնաժողովի նիստում:
3.3 Աշխատանքային խումբը գործում է հանձնաժողովի սահմանած ժամկետներում և կարող է լուծարվել վաղաժամկետ՝ հանձնաժողովի որոշմամբ:
3.4 Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունները՝ հանձնաժողովի որոշման կամ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ։
Ցավոք, սիրելի երևանցի, հանձնաժողովի Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները բոլորովին հետաքրքրված չէին, և այո՛, վստահաբար շեշտում եմ, անգամ ծանոթ չէին քննարկվող օրակարգին: Նրանք աթոռների վրա նստել էին՝ ծույլ, դասին անպատրաստ և երբևիցե պատրաստ չեղած, իր ուղեղի թերզարգացվածության աստիճանը շատ լավ իմացող, և այդ իսկ պատճառով՝ այն չծանրաբեռնող աշակերտի կարգավիճակով:
Օրակարգային հարցերի «քննարկման» ընթացքում, զեկուցողի խոսքին զուգահեռ, գրեթե բոլորը հասցրեցին հեռախոսով շփվել մտերիմների հետ՝ զրույցի ընթացքում չմոռանալով զրուցակցին կոչել իրենց վայել մականուններով: Քանի որ օրակարգում ներառված գրեթե բոլոր հարցերում բազմաթիվ վիճահարույց կետեր կային, ապա նույն հանձնաժողովի անդամ, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ուներ հարցեր և պահանջում էր իր հարցերին հիմնավոր, այլ ոչ՝ անորոշ և խուսափողական պատասխաններ տալ: Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները վրդովվեցին և ասացին, որ իրենք զբաղված մարդիկ են և պարտավոր չեն լսել այս քննարկումները. «Արա՛գ-արագ կարդացեք-անցեք, ի՞նչ եք 10 րոպեանոց քվեարկությունը դարձրել քննարկում, էդ քննարկումը կարող ա մի ժամ տևի, մենք պարտավոր չենք ըստէ նստել», – հնչեցրեց ամենաշտապող ՀՀԿ-ականը, որ նախկինում ԲՀԿ-ական էր եղել (միգուցե ավելի վաղ էլ՝ էլի ինչ-որ ինչական): «Դուք ինչի՞ եք պատասխանում հարցերին», – տեղից խորհուրդ տվեց ևս մեկ աճապարող ՀՀԿ-ական:
Այո՛, նրանք չափազանց զբաղված մարդիկ են, և ես անձամբ անմահացրեցի Երևանի ավագանու այս գերզբաղված անդամների խիստ զբաղվածությունը, որն է՝ նյարդերը թուլացնող վիրտուալ խաղ:
Մինչդեռ նրանք պարտավոր են ոչ թե խաղալ, այլ օրակարգային հարցերը քննարկել և նախապատրաստել Երևանի ավագանու առաջիկա նիստին: Ինքնանպատակ չէ նաև, որ հիշեցնում և հորդորում եմ՝ թող այս անձինք կարդան գոնե մեկ անգամ, թե ինչի համար են լիազորված և ինչի համար են ներկա այս տապալված, որևէ հարցին ըստ էության պատասխան չստացած նիստին:
Մինչդեռ այդ օրվա հանձնաժողովի նիստի օրակարգում էին հողամասի նպատակային նշանակությունը անտառային կատեգորիայի հողերից փոխադրելու հատուկ պահպանվող տարածքների նշանակության հողերի կատեգորիայի, որի վրա պետք է կառուցվեն մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած ժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտով շատրվաններով և սննդի սպասարկման կետերով: Օրակարգում ներառված էին նաև մի քանի այլ հարցեր, որոնք վերաբերում էին առանց այն էլ ոչ կառուցապատման նպատակով առկա տարածքները նորից տրամադրել կառուցապատման համար:
Այս նիստում ՀՀԿ-ականները նաև որոշում կայացրեցին Երևանից հեկտարներով տարածք տրամադրել բետոնապատման համար:
Ցանկացած ժողովրդավարական համակարգի հիմքում ընկած է տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը: Երևանցիներին առավել ևս հուզող քաղաքաշինության և հողօգտագործման հարցերը պետք է քննարկվեն հանձնաժողովի նիստում և լուրջ բանավեճի միջոցով ստանան երևանցու շահը սպասարկող արտացոլումը որոշումների մեջ:
Սոննա Աղեկյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ
Մանկավարժ