Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորները՝ Հանրային խորհրդի մասին. Պարապների միություն, «թքած ունեն» այդ կառույցի վրա

Փետրվար 08,2018 13:34

Խորհրդարանում քննարկվում է «Հանրային խորհրդի մասին» օրենքը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, թե ինչ գործառույթ պետք է իրականացնի այդ խորհուրդը. «Ի տարբերություն գործող Հանրային խորհրդի 36 անդամներից, պետք է կազմված լինի 45 անդամից, խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած անձը, իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող անձը: Գործող օրենքում 18 տարին լրացած անձը կարող էր լինել»: Ոլորտային հանձնաժողովների թիվն էլ լինելու է 15:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ «Մենք այսօր էլ ունենք Հանրային խորհուրդ, որը առանձնապես զբաղված չէ այն առաքելությամբ, ինչի համար ստեղծվել է: Ավելի շատ դիտորդական առաքելություն է իրականացնում, երբ պետք է իր կարծիքը հայտնի՝ որպես ժողովրդի կարծիք: Հիմա այս նախագծով Հանրային խորհուրդը չի՞ լինելու պարապների միություն եւ դիտորդի աչքերով չի՞ դիտելու հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերի գործընթացը»:

Փոխնախարարը պատասխանեց, որ Հանրային խորհուրդն իրեն պարապ չի թողնում, օրինակ, վերջերս ակտիվ քննարկել է համատիրությունների հարցը, այնպես որ, զարմանալի է, թե ինչու է այդ խորհուրդը պարապների միության տպավորություն թողել:

Պետրոսյանն ասաց, որ մեր երկրի հիմնական հարցը համատիրությունների հարցը չէ, շատ կարեւոր հարցերում պարտիզանի լռությամբ է հանդես գալիս: Նա հարցրեց, թե ի՞նչ լծակ ունի Հանրային խորհուրդը: Հովհաննիսյանը պատասխանեց, որ հեղինակավոր մարդիկ, որոնք հավաքվելու են խորհրդում, պետք է շահագրգռված լինեն այս կամ այն հարցի շուրջ կոնսենսուսի բերել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասաց, որ արդեն 10 տարի է՝ Հանրային խորհուրդը գործում է եւ կենդանության նշաններ հազվադեպ է ցույց տվել: Նա հարցրեց, թե կառավարությունը բազմաթիվ խորհուրդներ, մարմիններ ունի, այդքան խորհուրդներ կան, հնարավոր չէ՞ր Հանրային խորհրդի գործառույթները այլ մարմնի վրա դնել: Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Սահմանադրությամբ սահմանված է արդեն Հանրային խորհրդի հարցը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց. «Կարդում եմ նախագծից մի հատված՝ Հանրային խորհուրդը կամուրջ է հանդիսանում հասարակության եւ իշխանության շերտերի միջեւ: Ձեր ծիծաղը չի՞ գալիս այս նախադասության վրա: Հիմա ինչ-որ մեկը կարող է պնդել, որ հանրային խորհուրդը, որի մասին շատ քիչ մարդ գիտի, կամո՞ւրջ է հանդիսանում: Հանրային խորհուրդը իր գործունեության ընթացքում անդրադարձել է բազմաթիվ խնդիրների, իր լրջագույն մտահոգությունն է հայտնել համայնքների խոշորացման, գյուղացիական կոոպերացիաների, հարկային պրեսսինգի հետ կապված, փաթեթ էր պատրաստել, տեղը ցույց կտա՞ք: Ասում է՝ խորհուրդ է տալիս, կառավարությունը կարող է լսել, կարող է չլսել: Էդպես է՝ մի հատ թեժ գիծ բացեք, մարդիկ կարող է իրենց տանը խոհանոցում նստած խորհուրդներ տան կառավարությանը, կառավարություն է՝ կուզի կընդունի, կուզի՝ չի ընդունի»:

Ըստ նրա, եթե մի կառույց այս տարիներին որեւէ ՕԳԳ ցույց չի տվել կամ այդ կառույցի առաջարկություններն են եղել անպիտան, կամ նրան, ում ուղղված են եղել այդ խորհուրդները, ուղղակի թքած է ունեցել այդ կառույցի վրա: Ինչի՞ եք որոշել, որ հիմա իրավական այլ ստատուս տալուց հետո, 35-ից 45 դառնալուց հետո իրենց խորհուրդները պիտի ինչ-որ մեկին, կառավարությանը հետաքրքրեն: Նա ասաց, որ այդ կառույցը մեռելածին է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728