Բազմիցս է խոսվել այն մասին, որ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» գործող օրենքը թերի է, պատկերավոր ասած՝ կաղում է, օրենքում չկան անհրաժեշտ իրավական կարգավորումներ, այդ ամենի հետեւանքով դրսից ֆինանսավորվող «կրոնական» խմբավորումների գործունեությունն ամբողջովին դուրս է մնացել իրավական վերահսկողությունից:
2017-ին արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ հիշյալ օրենքում փոփոխություններ կատարելուն եւ շրջանառության մեջ դրեց օրենքի նոր նախագիծ, ինչն էլ առաջին պահից հայտնվեց այս հարցում մեծ հետաքրքրություն դրսեւորող Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Օրերս վենետիկցիների պատվիրակությունը ժամանեց Ազգային ժողով՝ նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնելու նպատակով: Պաշտոնական հաղորդագրությունը սպասվածից քչախոս էր, որեւէ խոսք չկար այն մասին, թե վենետիկցիներն ի՞նչ «մասնագիտական կարծիք» են փոխանցել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին, որի հետ, ի դեպ, հանդիպել էին: Պատվիրակության կարծիքներին անտեղյակ էին նաեւ արդարադատության նախարարությունում:
«Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի» փորձագետ ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑԸ փոխանցեց, թե Վենետիկի հանձնաժողովի պատվիրակները նախարարության ներկայացուցիչների հետ չեն հանդիպել, հրապարակված չէ նաեւ նրանց պաշտոնական կարծիքը:
Չնայած դրան, ասենք, որ վենետիկցիների կարծիքներն այս հարցում հիմնականում «գաղտնազերծված» են: Նրանք իրենց դիրքորոշումները ներկայացրել են դեռեւս 2008-ին, երբ շրջանառության մեջ դրվեց օրենքի մի նոր նախագիծ: Տեղին է հիշել, որ հենց վենետիկցիների թեթեւ ձեռքով գործընթացը վիժեցվեց՝ նախագիծն օրենք չդարձավ: Պատճառներից մեկն այն էր, որ նրանք դեմ էին նախագծում հոգեորսության սահմանմանը:
Փորձ է արվում իջեցնե՞լ մեր եկեղեցու դերը հարցին ի պատասխան Տիգրան Դադունցն ասաց. «Դա չի կարող լինել, քանի որ սահմանադրության 18-րդ հոդվածով արդեն իսկ բարձր դեր է վերապահված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, սահմանված է նրա՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման, կրթության եւ ազգային ինքնության պահպանման գործում:
Եվ սահմանադրության այդ հոդվածը այլ կերպ չի կարող մեկնաբանվել, կամ այդ դերը ինչ-որ կերպ չի կարող թուլացվել ու խեղաթյուրվել»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում