«Ներման մասին» օրենքի նախագծի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է: «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց, որ եթե ներելու իրավունքից էլ են զրկում նախագահին, միգուցե նախագահի ինստիտուտը իսպառ հանեին Սահմանադրությունից, նրա իմաստը ո՞րն է: Ըստ Մարուքյանի, նախագահի ինստիտուտը համալիր նսեմացման են տանում:
Ըստ Մարուքյանի, նախագահին ներելու միջնորդություն ներկայացնող մարմնի մասին Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է, բայց որոշակի չէ ու այդ մարմինը կարող էր վարչապետը չլինել, կարող էին Քրեակատարողական վարչությունից ուղարկեին:
Նա նորից պնդեց, որ հրապարակային դարձնեն ներման հրամանագրերի ընդունումը, որ մարդիկ իմանան, թե որ հանցագործին են ներում. «Մենք պետք է իմանանք՝ ասենք, տասը տարի է դատապարտվել, քանի տարի է նստել, վնասը հատուցել է, ինչ է արել: Հայաստանում մենք ունենք շատ վատ փորձ, որը տարատեսակ բամբասանքների, խոսակցությունների տեղիք է տալիս: Հրապարակեք, պաշտոնապես ասեք ով է ներվում ու ինչի համար: Մենք նախագահի ինստիտուտը նախատեսել ենք 7 տարի, անկուսակցական, նա ոչ մի բանով պիտի կաշկանդված չլինի, խորհրդարանը ընտրեց՝ վերջ: Ներել է, վախ ուներ հանրային կարծիքից, թող չներեր: Ինքը ապագայում վերընտրվելու, ձայն հավաքելու, իր մասին լավ վերաբերմունք ձեւավորելու խնդիր չունի: Որոշել է ների հանցագործին, թող ների, բայց թող հանրությունն իմանա»:
Արտակ Զեյնալյանն առաջարկել էր, որ ներվելու դեպքում հանցագործի դատվածությունը հանվի: Իրենց խմբակցության անդամին հակադարձեց Մարուքյանը՝ ասելով, որ ի՞նչ է նշանակում, որ մարդը հանցագործություն կատարի, ներվի ու այն քաղաքացին, որը ոչ մի հանցագործություն չի կատարել, նրանք իրարից չտարբերվեն:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ Սահմանադրության միայն 135 հոդվածը մեջբերեց՝ նախագահը լուծում է ներում շնորհելու հարցը. «Լուծում տալ՝ նշանակում է որոշում կայացնել: Պարզ օրինակ բերեմ՝ ինչ-որ մեկը բռնաբարության համար դատվել է, վարչապետը որոշում է ինչ-ինչ հանգամանքներում, որ նրան պետք է ներում շնորհվի: Իր հայեցողությամբ կազմվում է խորհուրդ, որոշում են, որ պետք է ներեն, որովհետեւ այդ մարդն ընտրությունների ժամանակ իրենց լավ ձայն է բերել կամ հակառակը՝ ներում չենք շնորհում, որովհետեւ ընտրությունների ժամանակ ձայն չի բերել: Վարչապետը կարող է 1 մլն դոլար կաշառք է վերցրել ու ուզում է ներել, նախագահը չի ուզում, պետք է օրենքով դիմի Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ի՞նչը պետք է նախագահը վիճարկի՝ այդ մարդու բռնաբարելը կամ չբռնաբարե՞լը: Աննորմալ մոդել եք բերել ու ասում եք՝ նախագահը ներում է: Նախագահից որոշում կայացնելու գործառույթը վերցնում եք»:
Նա դիմեց Հրայր Թովմասյանին՝ ասելով, թե ո՞նց եք վերաբերվում, երբ ձեր գրած Սահմանադրությունը հենց հիմա ոտնահարվում է:
ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ի պատասխան հորդորեց Սահմանադրությունը կարդալիս մինչեւ վերջ կարդալ ու մեջբերել, այլ հոդվածներ էլ կան, որտեղ հստակ սահմանվում է միջնորդող մարմնի մասին: Նա դիմեց ընդդիմադիրներին՝ ասելով, որ եթե դեմ էիք, գտնում էիք, որ այդպես նսեմացվում է նախագահի ինստիտուտը, Սահմանադրական փոփոխությունների ժամանակ այդ մասին խոսեիք:
Հրայր Թովմասյանը նույնպես վստահեցրեց, որ Սահմանադրությունը չի խախտվել, ճիշտ հակառակը, սահմանադրական հոդվածն են կիրառում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ