Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով պետական գույքը կհանձնվի անհատույց օգտագործման՝ պայմանով, եթե նոր աշխատատեղեր ստեղծվեն: Սրա վերաբերյալ այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հանձնարարեց Կարեն Կարապետյանը: Հանձնարարականների շրջանակում նա նշեց, որ պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրվել են պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված մի շարք անշարժ գույքեր, որոնք փաստացի չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ, ոչ մասնակի և միաժամանակ այդ գույքի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով:
«Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել նույնիսկ անհատույց, կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,- ասաց նա:
Ելնելով վերոնշյալից վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, ինչպես նաև մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ մեկ ամսյա ժամկետում գույքագրել և պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում, կամ օգտագործվում են ոչ լիարժեք:
Վարչապետը նաև պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում ամփոփել առաջին կետով ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ներկայացված գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով օգտագործման տրամադրման կամ դրանց օտարման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ