2018 թվականի փետրվարի 07-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:
Հայկ Քալանթարյանը Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղից էր: Նավուրի վարչական ղեկավար Արամ Նիգոյանից տեղեկացանք, որ Հայկ Քալանթարյանը ծառայել էր մեկ տարի եւ 3 ամիս: Հայկի մարմինը դեռեւս Նավուր չի տեղափոխվել,այժմ Երեւանում է գտնվում:
Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ 19-ամյա Հայկը վիրավորվել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից:
Ա. Նիգոյանի խոսքերով` Քալանթարյանների ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ, սոցիալապես անապահով է: Հայկը ընտանիքի 3 երեխաների միջնեկն էր,երեխաներից ավագը քույրն է, կրտսերը`Հայկի եղբայրը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը` Հայկ Քալանթարյանի ֆեյսբուքյան էջից