Արեւելագետ, իրանագետ Վարդան Ոսկանյանը համոզված է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից երկրի նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշումը ճիշտ չէ կապել մտահոգությունների հետ, թե դա վկայում է Ադրբեջանի կողմից արցախյան ռազմաճակատում պատերազմի նախապատրաստման մասին: Նման կարծիք նա հայտնեց այսօր՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Անտեղի է Ադրբեջանում ցանկացած փռշտոցով պայմանավորել ռազմական գործողությունների սկիզբը: Ակնհայտ է, որ մինչ օրս պատերազմի մեջ ենք: Այդ պատերազմը չի էլ դադարել: Մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի: Կարծում եմ՝ համապատասխան մարմիներն այդ ուղղությամբ աշխատում են»,-հայտարարեց Վարդան Ոսկանյանը:
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների օրվա տեղափոխությամբ հանրության շրջանում հնարավոր ռազմական գործողությունների մասին լրացուցիչ անհանգստություն առաջացնելը կոպիտ սխալ է հատկապես լրատվամիջոցների կողմից: «Չեմ կարծում, որ Արցախյան հիմնախնդիրն առաջնային է՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների օրը տեղափոխելու հարցում»,-համոզմունք հայտնեց Վարդան Ոսկանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ