Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանուն Հայաստան պետության» ճակատ. «Մեր զորակցությունն ենք հայտնում իր իրավունքների պաշտպանության համար պայքարի ելած փաստաբանական համայնքին»

Փետրվար 08,2018 11:34

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հայտարարությունը փաստաբանների նկատմամբ իրականացվող հետապնդումների, նրանց մասնագիտական գործունեությունը, ազատությունը կաշկանդելուն միտված օրենսդրական փոփոխությունների  վերաբերյալ

Հայաստանում իշխանությունը յուրացրած վարչախումբը քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, արդար դատաքննության նվազագույն երաշխիքների բացակայության պայմաններում նրանց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու ճանապարհին 2017 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների և Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների «դատավարությունների» ընթացքում իր համար անսպասելիորեն բախվեց «դատավարություններն» իր նախանշած սցենարով տանելու փորձի տապալմանը: Ըստ այդ սցենարի Սասնա ծռերը և Ժիրայր Սեֆիլյանը հանրության աչքում պիտի ներկայացվեին որպես հանցագործներ, իսկ նրանց գործածը կամ նրանց վերագրվողը՝ որպես պետության դեմ ուղղված հանցագործություն։ Այս սցենարի տապալման գործում իրենց դերակատարությունն ունեցան փաստաբանները, և վարչախումբը որդեգրեց փաստաբաններին հետապնդելու և այդ միջոցով նրանց հնազանդեցնելու գործելաոճը։ Նշվածի մասին վկայում են այդ գործերով ներգրավված փաստաբանների նկատմամբ մի քանի տասնյակ կարգապահական վարույթների հարուցումը, 2017թ. հունիսի 28-ին դատարանի շենքին հարակից տարածքում ոստիկանության կողմից բռնության ենթարկվելը, առանձին փաստաբանների նկատմամբ սպառնալիքները, տարատեսակ խոչընդոտների հարուցումը՝ հենց այդ գործերով արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունը բացառելու նպատակով։

Ի վերջո համոզվելով, որ գործադրված ռեպրեսիվ միջոցները չեն հանգեցնում սպասված արդյունքին, վարչախումբը միտք հղացավ օրենսդրական փոփոխություններ կատարելու ճանապարհով փաստաբաններին դրամական տուգանքի ենթարկելու իրավունք վերապահել դատարաններին։ Այս նախաձեռնությունը ոչ միայն փաստաբանների անկախությունը սահմանափակելուն ուղղված քայլ է՝ պայմանավորված քաղաքական հաշվեհարդարն իրականացնելու ճանապարհին առաջացած խոչընդոտը «չեզոքացնելու» անհրաժեշտությամբ, այլև, հաշվի առնելով անկախ դատարանի չգոյությունը, դատարանների ձեռքին վերածվելու է վարչախմբի համար անհաճո փաստաբանների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման գործիքի։ Իսկ անկախ դատական համակարգի կայացումը, դատարանների կողմից իրականացվող արդարադատությունն ու վճիռների օրինականությունը մեծապես պայմանավորված են հենց փաստաբանների գործունեության անկախությամբ և դատական համակարգը հավասարակշռող ծանրակշիռ իրավասություններով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մեր զորակցությունն ենք հայտնում իր իրավունքների պաշտպանության համար պայքարի ելած փաստաբանական համայնքին՝ խորապես գիտակցելով, որ առանց անկախ փաստաբանության բացառված է մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավական ու ժողովրդավարական պետություն կառուցելու հեռանկարը։

Հաշվի առնելով ԵՄ-ի հետ ընդամենը մի քանի ամիս առաջ կնքված համաձայնագիրը, որի թանաքը դեռ չի չորացել, դիմում ենք ՀՀ-ում ԵՄ գրասենյակ, ԵՄ ներկայացուցիչ պրն Սվիտալսկուն՝ կոչ անելով վերջ դնելու ՀՀ իշխանությունների կողմից եվրոպական արժեքների հերթական ոտնահարման փաստի նկատմամբ հանդուրժող կամ անտարբեր դիրքորոշմանը և հանդես գալու եվրոպական արժեքների պահպանման հստակ, բոլորին հասկանալի դիրքորոշմամբ:

«Հանուն Հայաստան պետության» ճակատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728