Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրդողանի այցը Վատիկան եւ երկկողմ հարաբերությունների կարգավորման թուրքական պատրանքը

Փետրվար 08,2018 13:15

2016 թ. հուլիսի կեսերին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում գործող վարչակարգը շրջադարձային փոփոխություններ նախաձեռնեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ուղեգծերում: Այդ համատեքստում Թուրքիայի գործող վարչակարգը սեփական ներքին խնդիրները սկսեց լուծել ամեն տեսակի ազատությունների խիստ սահմանափակման եւ հանրային կյանքի ու պետական կառավարման համակարգում ամբողջական վերահսկողության հաստատման եղանակով: Այս գործընթացն իրականացվում էր Թուրքիայում սրված անվտանգության խնդրի կարեւորման եւ հակաահաբեկչական պայքարի իրականացման իրավական հիմնավորման ներքո՝ «ահաբեկիչների» եւ «անջատողականների» անվան տակ թիրախավորելով հատկապես քրդական տարաբնույթ կառույցներն ու «գյուլենական շարժման» հետեւորդներին:

Արտաքին քաղաքականության ոլորտում քայլ առ քայլ վերանայվեցին այն բոլոր ուղղությունները, որոնք առավել խնդրահարույց էին դարձել հատկապես 2010-2011թթ.-ից հետո։ Նշված ժամանակահատվածում Թուրքիայի անմիջական հարեւանությամբ՝ մերձավորարեւելյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներում ի հակառակ Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր «ճարտարապետ»՝ նախկին ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի առաջ քաշած «Զրո խնդիր հարեւանների հետ» հայտնի տեսության՝ Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը հայտնվել էր տրամագծորեն հակառակ իրավիճակում՝ «զրո հարեւան, առանց խնդրի»:
Որպես օրինակ՝ 2016թ. հուլիս-օգոստոս ամիսներին (այդ թվում նաեւ սիրիական հիմնախնդրի պատճառով) վերախմբագրվեց Անկարայի արտաքին քաղաքականությունը, ինչի արդյունքում, հատկապես Մոսկվայի եւ Թեհրանի հետ հարաբերությունների բարելավումից ու առավել սերտ համագործակցությունից հետո, Թուրքիային արտոնվեց սեփական շահերի առարկայացման նպատակով անմիջական ռազմական ներխուժում իրականացնել Սիրիայի հյուսիսում։ Ի դեպ, նույն տրամաբանությամբ ներկայումս Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի գլխավորությամբ շարունակվում է «Ձիթենու ճյուղ» գործողությունը: Այս շարքից՝ դարձյալ ընդհանուր շահերից ելնելով (քրդերի անկախության ձգտումների ձախողում), կարգավորվեցին հարաբերությունները Իրաքի գործող իշխանությունների հետ, առավել սերտացան հարաբերությունները Կատարի հետ, իսկ Իսրայելի հետ դարձյալ նույն ժամանակահատվածում կարգավորված հարաբերությունները կրկին սրվեցին 2017թ. վերջին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի վերաբերյալ հայտնի որոշման պատճառով:

Վերը թվարկված մերձավորարեւելյան երկրներից բացի, թուրքական իշխանությունները փորձում են առնվազն արտաքուստ կարգավորել կամ կարգավորման ֆոն ստեղծել նաեւ արեւմտյան մի շարք երկրների հետ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր խնդիրների պատճառով սրված կարեւոր հարաբերությունները: Այս համատեքստում, դիցուք, կարելի է նշել այնպիսի օրինակներ, ինչպիսիք են Հունաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ եղած խնդիրների կարգավորման անհաջող փորձերը։ Ընդ որում, այս ողջ գործընթացն անմիջականորեն գլխավորում է անձամբ Թուրքիայի նախագահը՝ իհարկե, նաեւ սեփական անձնական հավակնություններով պայմանավորված. Էրդողանը ձգտում է կերտել համազգային եւ համամուսուլմանական նոր՝ անգերազանցելի առաջնորդի համբավ, իսկ ավելի պարզ ներկայացմամբ՝ միաժամանակ ձգտում է դառնալ նոր «նախագահ», նոր «սուլթան» եւ նոր «խալիֆ»:

Նախկինում եղած խնդրահարույց հարաբերությունների կարգավորման Անկարայի ամենավերջին փորձն ընդամենը օրեր առաջ տեղի ունեցած Ռեջեփ Էրդողանի այցն էր Վատիկան։ Պատահական չէ, որ թուրքական վերլուծական շրջանակների կողմից այս այցը գնահատվում է «պատմական», քանի որ Կաթոլիկ աշխարհի կենտրոն այցելած Թուրքիայի վերջին առաջնորդը երրորդ նախագահ Ջելալ Բայարն է եղել՝ դեռեւս 1959 թ.-ին:
Ինչպես Վատիկանի հետ հարաբերությունների բնույթը, այնպես էլ Էրդողանի՝ Վատիկան այցելությունը եւ երկկողմ հարաբերություններում եղած խնդիրների հանգուցալուծման փորձն առավելապես խորհրդանշական նշանակություն ունեին: Նույն խորհրդանշական հարթության վրա էին ինչպես բուն այցի ընթացքն ու բովանդակությունը, այնպես էլ դրա ներկայացումը հատկապես թուրքական քաղաքական եւ քարոզչական շրջանակների կողմից։ Այցի շուրջ պատկերավոր անդրադարձը նշված շրջանակներում հետեւյալ հնչեղ բովանդակությամբ էր մատուցվում. «Երկու համաշխարհային կրոնական համայնքների՝ կաթոլիկ քրիստոնյաների եւ մուսուլմանական աշխարհի առաջնորդների հանդիպում, որը հատկապես միտված էր աշխարհում եղած արյունահեղ հակամարտությունների, մարդասիրական բնույթի, կրոնական նրբերանգներ պարունակող հիմնախնդիրների կարգավորմանը»։

Այն իրողությունը, որ Էրդողանի եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հանդիպումն առավելապես խորհրդանշական նշանակություն ուներ, փաստում են ինչպես բուն հանդիպման բավական կարճ տեւողությունը՝ մոտ 1 ժամ, այնպես էլ Հռոմի Պապի կողմից Էրդողանին ընծայված բրոնզե մեդալիոնը՝ հրեշտակի եւ վիշապի պատկերներով. առավել բնութագրական պատկերավորում Ֆրանցիսկոսի եւ Էրդողանի հանդիպման վերաբերյալ հազիվ թե գտնվեր:
Էրդողանի՝ Վատիկան կատարած այցի համատեքստում հայկական տեսանկյունից արծարծված ամենաուշագրավ թեման Հայոց ցեղասպանության հարցն է, որը Վատիկանի եւ Թուրքիայի հարաբերություններում հավելյալ սրացում էր առաջացրել 2015թ. ապրիլին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի անցկացումից եւ Մեծ եղեռնի հետ կապված Ֆրանցիսկոսի՝ արդեն որպես Հռոմի Պապի դիրքորոշման արտահայտումից հետո: Առհասարակ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման հարցը հավելյալ լարվածություն է առաջացրել նաեւ Թուրքիայի եւ վերը թվարկված եվրոպական երկրների հարաբերություններում, որոնց վերաբերյալ Թուրքիայի նախագահը փորձում է կարգավորման պատրանք ստեղծել:

Ի դեպ, նույն պատրանքը ստեղծելու փորձը, այս անգամ արդեն կեղծ քարոզչության տեսքով, իրականացվեց Վատիկան այցի եւ Ֆրանցիսկոս Պապի հետ ոնեցած առանձնազրույցի բովանդակության կեղծման միջոցով: Թուրքական որոշ լրատվամիջոցներ, առանց որեւէ պաշտոնական աղբյուրի հղման, հաղորդել են, թե իբրեւ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Կաթոլիկ քահանայապետը Հայոց ցեղասպանության հարցում «Թուրքիային համերաշխություն է հայտնել»։ Ի դեպ, այս ապատեղեկատվությունը բավական կազմակերպված կերպով արտատպվեց նաեւ որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ արդեն թուրքական կայքերին կատարված հղումով:
Մինչդեռ որեւէ պաշտոնական սկզբնաղբյուրում, անգամ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում Էրդողանին վերագրված վերոնշյալ խոսքերը գոյություն չունեն: Դա բնական է, քանի որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային տեսակետը, որ հայտնի էր դեռեւս մինչ նրա քահանայապետ ընտրվելը, չէր կարող փոխվել՝ հաշվի առնելով Վատիկանի կողմից վարվող բարոյական արժեքների վրա հիմնված քաղաքականությունը:

Այնպես որ, եթե Մերձավոր Արեւելքում Թուրքիայի իշխանություններին հաջողվում է անգամ կարճաժամկետ հեռանկարում հարաբերություններ կարգավորել, այդ թվում՝ ընդհանուր շահի առկայությամբ պայմանավորված, ապա Արեւմուտքում՝ ոչ: Վատիկանի, վերջին շրջանում ԱՄՆ-ի, իսկ օրեր առաջ նաեւ Նիդեռլանդների հետ սրված խնդիրները նշվածի վառ օրինակ են:

 

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ

«Առավոտ»

08.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728