Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Ներման մասին» օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում է, որ դատապարտյալը ներման մասին խնդրագիր ներկայացնի, իր վերաբերմունքը ցույց տա կատարված հանցագործության մասին, անդրադառնա գործի հանգամանքների նկարագրությանը, ներկայացնի ներումը հիմնավորող այլ հանգամանքներ: Եթե դատապարտյալը նույնիսկ չպահպանի պարտադիր պահանջները, այդուհանդերձ, ներման խնդրագիրը պետք է քննարկման առարկա դառնա:
Սուրեն Քրմոյանն ասաց, որ թեեւ նախագահի լիազորությունն է ինչ հանգամանքներում ներում շնորհել, այնուամենայնիվ, սահմանվել են որոշակի պայմաններ՝ հանցագործության վտանգավոր աստիճանը, դատապարտյալի վերաբերմունքը իր կատարած հանցագործության նկատմամբ, նախկինում ներում շնորհվել է, թե ոչ:
Սահմանվել է, որ նախագահի հրամանագրով դատապարտյալը կարող է ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժիչ, պատժաչափը կարող է մեղմվել: Սակայն ուշագրավ է, որ ներելու հարցում նախագահի լիազորությունները սահմանափակ են, նա նախ պիտի ստանա վարչապետի միջնորդությունը: Գործող օրենքով, դատապարտյալին ներում շնորհելու համար գործում էր նախագահին կից Ներման հարցերի հանձնաժողով: Այն քննարկում էր ներման խնդրագրերը եւ եզրակացություն տալիս: Այժմ սահմանվում է, որ նախագահի կողմից ներում շնորհելու համար պետք է վարչապետը միջնորդություն ներկայացնի:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ՀՀ նախագահից ներման իրավունքը վերցնում են, տալիս են վարչապետին: Նա ասաց, որ առաջարկել են ներման խնդրագրերի քննարկումը, հրամանագրերի ընդունումը դարձնել հրապարակային, հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր եւ ինչի համար են ներվում, ինչ հանգամանքներում. «Այսօրվա փորձից ելնելով՝ թերթերից ենք մենք իմանում, որ ինչ-որ մեկը ներվել է»: Մարուքյանն ասաց, որ եթե կառավարությունը պատճառաբանում է, թե ներման հրամանագիրը հրապարակայնացնելով՝ նախագահին կաշկանդում են, նախագահը միայն ստորագրելու է, ինչի՞ց պետք է կաշկանդված լինի, եթե հաստատում է մի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ:
Քրմոյանը պատասխանեց, որ լիազորությունները նախագահից չեն վերցնում, դա սահմանվել է Սահմանադրությամբ, որտեղ ամրագրված է, որ պետք է լինի միջնորդություն ներկայացնող մարմին: Փոխնախարարն ասաց, որ Բելգիան, Բուլղարիան էլ չեն հրապարակայնացնում նախագահի այդ ներման հրամանագիրը՝ հենց այդ նպատակով, որ չկաշկանդեն: Մարուքյանն էլ հակադարձեց, որ Բելգիայում ընտրությունների ժամանակ նախագահը չի խոստանում, որ այսինչ կամ այնինչ դատապարտյալը կներվի, եթե ձայն տան ՀՀԿ-ին, այնպես որ պետք չի Բելգիայի հետ համեմատվել:
Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ ներումը հումանիստական է, մարդասիրական, քրիստոնեական է, մինչդեռ գրել են նախագծում, որ սա խրախուսական միջոց է. «Զրկել եք մարդուն առանց խնդրելու ներվելու իրավունքից, զրկել եք միջնորդելու, որ ինչ-որ մեկին ներեն, սրանք քրիստոնեական արժեքներ են»: Հետո նա հարցրեց՝ եթե ներումը մարդասիրական է, պետք է նաեւ դատվածությունը հանվի՝ ներվելուց հետո, որ իրավունք ունենա որոշակի պաշտոններ ստանձնել:
Քրմոյանն էլ պատասխանեց, որ դատապարտյալը պետք է ներման խնդրագիր ներկայացնի, հետեւաբար դա խնդրանք է՝ ներվելու համար: Որեւէ մեկին էլ չեն զրկելու ուրիշի ներման համար միջնորդություն ներկայացնելու իրավունքից, այդ ինստիտուտը եւս գործում է:
Արդյոք ներելիս զոհի կարծիքը հաշվի առնելո՞ւ են՝ Քրմոյանն ասաց, որ նման կարգավորում չկա: Դատվածությունը հանելը կառավարության համար ընդունելի չէ, մյուսների հետ անհավասար դիրքում կգտնվեն:
«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց. «Ակնհայտորեն սա քաղաքական համակարգաստեղծ այն օրենքներից է, որով Հայաստանը տանում եք սուպերվարչապետական, փակ մի համակարգի, որտեղ վարչապետն ունենալու է ավելի լայն լիազորություններ, քան նախորդ Սահմանադրությամբ ուներ նույնիսկ նախագահը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ